Վեդի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը դրական տպավորություն ունի ԱԺ 9-րդ գումարման աշխատանքներից և հույս ունի, որ խորհրդարանական ընդդիմությունը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածությանը՝ աշխատել կոնստրուկտիվիզմի դաշտում, չհատել բարեկրթության նորմերը։ «Քանի որ մենք մեծամասնություն ենք, մեզանից շատ մեծ բան է կախված, իհարկե՝ նաև իրենցից։ Այն առաջարկը, որ արել ենք ընդդիմությանը, դրան մնալու ենք հավատարիմ։ Թող փորձեն անցնել հստակ գծված գիծը, և մենք համարժեք պատասխանելու ենք»,- նշեց Սարգսյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է կառավարող ուժը պատրաստվում աշխատել կառուցողականության
սկզբունքով այն դեպքում, երբ ընդդիմությունը ԱԺ է եկել իշխանափոխության օրակարգով,
օրակարգ, որը վերահաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիդեր Սամվել Կարապետյանը,
ՔՊ խմբակցության պատգամավորը նկատեց․ «Իրենց մոտ չի ստացվելու
այդ սցենարը։ Վերջին տարիներին իրենք ունեցել են այդ հնարավորությունը՝ ընտրությունների
միջոցով հաղթելու, սակայն ընտրությունների արդյունքում ժողովրդի մեծամասնությունն իր
քվեն տվել է ՔՊ-ին։ Այն օրակարգը, որով շարժվում է ընդդիմությունը, շատ շուտով բերելու
է հիասթափության, իրենց շարքերում տեղի է ունենալու
նոսրացում։ Իրենք եկել էին «հեղափոՂություն» անելու, իսկ միայն փողով հեղափոխություն
անել չես կարող։ Պետք է լինեն նաև գաղափարական հետևորդներ։ Իսկ եթե մարդիկ միայն փողի
շուրջ են հավաքվել, հեղափոխություն դժվար թե տեղի ունենա։ Մեր ընդդիմությունն այս ընթացքում
այդպես էլ չհասկացավ՝ սին գաղափարներով ու Հայաստանին չծառայող օրակարգերով չի կարող
հաջողության հասնել»։ Հարցին՝ ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը եկել ԱԺ, մեր զրուցակիցն
արձագանքեց՝ եկել են իրենց հարստությունը պահելու, իրենց բիզնես գործունեությունը շարունակելու
և ավելի հարստանալու օրակարգով. «Մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ի լիդերը հայտարարում
էր՝ թքած ունի ՀԷՑ-ի վրա, մի ստրատեգիական կառույց, որը ծառայում է մեր ժողովրդին։
Սա արտահայտում է այդ մարդու վերաբերմունքը
ժողովրդի հանդեպ»։
«Մեր ընդդիմադիր գործընկերները անցած տարիների ընթացքում ցույց
են տվել, որ հավաքվում են միայն փողի շուրջը։ 2021-ին ունեինք Քոչարյան Ռոբերտ, որը
այդ պահին ընդդիմադիր գործունեություն ծավալող, ամենաշատ փողն ունեցող մարդն էր, հավաքվել
էին նրա շուրջը։ Եկավ Սամվել Կարապետյանը՝ ավելի շատ փող ունեցող մարդ, հավաքվելցին
նրա շուրջը։ Իրենց քաղաքական հետագիծը ուղիղ զուգահեռ է փողի հետ»,- նշեց Սարգսյանը։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան