Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված ծանրաբեռնվածության օպտիմալացմանը, աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխմանը և քննչական գործընթացների արտադրողականության էական բարձրացմանը:Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի կազմում ձևավորվել է երկրորդ կայազորային քննչական բաժինը, իսկ միջազգային հարցումների ապահովման բաժինը վերակազմավորվել է միջազգային համագործակցության վարչության:


Այսպիսով, երկրորդ կայազորային քննչական բաժնի ստեղծումը պայմանավորված է Քննչական կոմիտեի կազմում գոյություն ունեցող կայազորային քննչական ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների՝ ողջամիտ ժամկետում և պատշաճ քննության անհրաժեշտությամբ:


Երկրորդ կայազորային քննչական բաժինը տեղակայվելու է Արարատի մարզի Վեդի քաղաքում:


Անդրադառնալով միջազգային համագործակցության վարչության վերակազմավորման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ անդրազգային հանցագործությունների աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ավելացել էր միջազգային իրավական օգնության հարցումների և գործընկեր պետությունների հետ համատեղ աշխատանքի ծավալը, ինչի հետևանքով նախկին բաժնի հաստիքային և կառուցվածքային սահմանափակումները հանգեցնում էին գերծանրաբեռնվածության:


Արդյունքում՝ վարչության վերակազմավորմամբ հնարավորություն է ընձեռվում հստակորեն տարանջատելու գործառույթները, ապահովելու միջազգային հարցումների մշակման առավել բարձր արտադրողականություն և օպերատիվություն: Փոփոխությունն ուղղված է արտերկրի գործընկերների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը: