ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենն ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո․ Ադրբեջանին առաջարկում ենք հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը․ Նիկոլ Փաշինյան
«Երևանը Բաքվին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմում, ինչպես նաև՝ հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը»,- Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենն, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ․ «Ունենք լավ և վատ նորություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Լավ է, որ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ, որը տեղի է ունեցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իմ հանդիպումների արդյունքում»։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան․ «Ադրբեջանում այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա նախապատրաստություն է թվում»։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ Գլխավո շտաբի 1974 – 1990թթ. քարտեզները, կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն: