Ընդդիմությանը թող չթվա՝ սեղանին դմփդմփացնելով ազատվում են իրենց բոլոր մեղքերից

Էդգար Ղազարյանի պահվածքի, արտաբերած ցանկացած վիրավորական, կեղծ  արտահայտության համար՝ ոչ միայն ԱԺ-ում, այլ՝ ընդհանրապես, պատասխանատվություն են կրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները։ Հետևապես, եթե մի օր հարաբերություն պարզելու հարց լինի, իմ խորին համոզմամբ, այդ պատասխանատվությունը կիսելու են նաև նրանք՝ բոլորն անխտիր։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով ՈՒՀ խմբակցության անդամի վարքագծին։ 


Նրա խոսքով՝ Ղազարյանը  ԱԺ հենց առաջին նիստի ժամանակ պետք է ելույթով հանդես գար և ներողություն խնդրեր բոլոր այն քաղաքացիներից, այդ թվում՝ դահլիճում գտնվող որոշ պատգամավորներից, որոնց մասին նախքան պատգամավոր դառնալը արել է կեղծ, զրպարտչական, վիրավորական, հայտարարություններ, ասել «աշխարհի ամենալկտի բաները»։ Անդրադառնալով ԱԺ-ում ընթացող քննարկումներին՝ ԱԺ մշտակամ հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ, և ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովն ընտրելու «Ուժեղ Հայաստան»-ի որոշման դրդապատճառներին՝ մասնավորապես տորպեդահարել եվրաինտեգրացիայի գործընթացը, Բադալյանը նկատեց «Այդ գործընթացին խոչընդոտելու փորձեր, իհարկե, կլինեն, չեմ բացառում։ Բայց ես չեմ ուզում առաջնորդվել այդ կանխավարկածով, այլ՝ խարսխվել նրանց կառուցողական քննարկումներից ստացած տպավորությունների վրա։ Հուսով եմ, որ այդպես չի լինի՝ բանը տորպեդահարմանը չի հասնի, բայց այդպես լինելու դեպքում էլ չեմ կարծում, որ նրանց դա կհաջողվի, ճիշտ այնպես, ինչպես մինչ այժմ չի հաջողվել։  Հանձնաժողովի նախագահի ելույթից մենք կհասկանանք մեր ընտրած քաղաքականության, մեր արդեն ունեցած ձեռքբերումների, մեր հետագա պլանների մեջ հիշյալ թեկնածուն իր մտածելակերպով տեղավորվո՞ւմ է, թե ոչ, և ըստ այդմ էլ կընտրենք կամ չենք ընտրի նրան»,-նշեց Բադալյանը։     


Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ընտրությանը, որը կանգ առավ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահության վրա, այն դեպքում, երբ այդ դաշինքի փաստացի ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք զանգվածային են եղել իրավունքի խախտումները,, ապա, ըստ կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորի, գուցե այս հանձնաժողովն ընտրելով հիշյալ դաշինքը, չի բացառվում, փորձում է քաղաքական ինքնամաքրման գնալ, կոմպենսացնելով այն վնասները, որոնք արձանագրվել են այդ դաշինքի ղեկավարի կառավարման տարիներին։ Բայց հիմնական պատճառն, ըստ պատգամավորի, այն է, որ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ի լուր աշխարհի աղաղակեն քաղբանտարկյալների մասին՝ այդպիսիք համարելով նրանց, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում։  


Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք նաև ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության վերաբերյալ ՌԴ-ից հնչող  հայտարարությունների, Գարեգին Բ-ին պաշտպանելու ընդդիմության դիրքավորման և այլ հարակից թեմաներից։ 


Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։


Հեղինե Մանուկյան