Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն այս տարվա հունվարի 16-ին, թեմի ֆեյսբուքյան էջով հրապարակեց մի գրություն, որով, նվազագույնը քսան կետերով հիմնավորեց Եկեղեցու բարեկարգության անհետաձգելի անհրաժեշտությունը։ Այդ քսան կետերը ներառում են թե՛ կոնկրետ հիմնահարցեր, որ ծառացած են եկեղեցու առջև և լուծման կարոտ են, և թե՛ փաստական մեղադրանքներ Կտրիճ Ներսիսյանին, որը լինելով թիվ մեկ պատասխանատուն, պառատկել և ընթացք չի տվել եկեղեցու մեջ հակականոնական երևույթների և բարոյական անկման մեջ հայտնված հոգևորականների խնդրահարույց վարքի հանգամանքների քննությանը և դրանց չեզոքացմանը։
Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի
այդ հրապարակումը այսօր էլ հասանելի է, ֆեյսբուքյան էջից հեռացված չէ, խնդրով հետաքրքրվածները
կարող են ևս մեկ անգամ ուշադիր կարդալ։ Հարկ է ընդգծել, որ Հովնան Սրբազանի բարձրաձայնած
հարցերի պատասխանները դեռևս տրված չեն և սպասում են իրենց իրական գործուն լուծումներին։
Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր բարձրաձայնող հոգևորական, Հովնան սրբազանը նույնպես
ենթարկվեց հարձակումների և զրպարտությունների։ Փետրվարի 6-ին տեղադրվեց թեմական խորհրդի
հայտարարությունը, որով Թեմական խորհուրդը հայտնեց թե՛ Էջմիածնի նկատմամբ իր անսասան
հավատքը և թե՛ ամբողջական զորակցություն Հովնան սրբազանին։ Այդ ընթացքում սրբազանը,
դարձյալ քննարկումներ ունենալով Թեմական խորհրդի հետ հայտարարեց Ավստրիայում կայանալիք
եպիսկոպոսական հավաքին մասնակցելու իր մտադրության մասին, ինչին հաջորդեց Մայր Աթոռի
լրատվականներով Հովնան սրբազանի թիրախավորումը և զրպարտչական նյութերի տարածումը։
Արդեն փետրվարի 12-ին սրբազանն
անդրադարձավ Կտրիճ Ներսիսյանի շահերը սպասարկող լրատվամիջոցի տնօրինությանը և մոլորության
մեջ գտնվող եղբայրներին՝ մասնավորապես գրելով․ «Այս զրպարտչական արշավին
մեջ ներգրավվածներուն համար մենք խորապես կցավինք։ Անոնք խաբված են և կծառայեցվին պառակտում
հրահրելու նպատակով»։
Անշուշտ, Ավստրիայի եպիսկոպոսական
հավաքին սրբազանի մասնակցելը, նոր շահարկումների դուռ բացեց, և սրբազանին անվանարկելու
առաքելությանը լծվածները սկսեցին լուրեր տարածել սրբազանի նահանջի և Կտրիճ Ներսիսյանի
հակաեկեղեցական խմբակին միանալու մասին։ Իսկ արդեն օգոստոսի 12-ին՝ Կտրիճ Ներսիսյանի
դատարան ներկայանալուց օրեր անց, երբ Թեմի առաջնորդական դիվանը մի գրություն հրապարակեց,
որի իմաստն այն էր, որ պետք է վստահել Աստծուն, աղոթել և հավատարիմ մնալ արդարության
վերականգնման և իրավունքի առաջնահերթության անանց արժեքներին, Մայր աթոռին սպասարկող
լրատվականն այս անգամ շտապեց այդ հայտարարությունը ներկայացնել որպես հաջակցություն
Կտրիճ Ներսիսյանին։
Հունվար 16-ին հնչեցված հարցերը
լեգիտիմ են, և բարեկարգության օրակարգը դրանց լուծման անհետաձգելի անհրաժեշտության
մասին է։