Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Հայաստանում խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նոր լիցք է հաղորդում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ուշադրության կենտրոնում է TRIPP շրջանակային ծրագիրը, որը Հայաստանը կդարձնի դարպաս Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Այդ մասին նշված է The Washington Times թերթում վերլուծաբան Դարեն Սփինքի հեղինակած սյունակի մեջ:

Նրա կարծիքով՝ TRIPP-ը Հայաստանին առաջարկում է զգալի առավելություններ. այն դեպի ծով ելք չունենալը կվերածի տնտեսական ակտիվի՝ ներգրավելով ներդրումներ և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Այն նաև կօգնի պահպանել խաղաղությունը և կամրապնդի Ամերիկայի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում: Հեղինակի խոսքով՝ TRIPP-ը նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ Հարավային Կովկասով նոր տրանսպորտային ուղիներ են անցնելու։


Միևնույն ժամանակ, հեղինակն ընգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն առևտրային երթուղիների վրա. դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը Ադրբեջանում դեռևս պահվող 19 հայ գերիների վերադարձն է: Նա նշում է, որ շատերի կարծիքով՝ գերիներին չվերադարձնելն ազդակ է, որ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվել: Իսկ գերիների վերադարձը կնպաստեր խաղաղության գործընթացին:


Հեղինակն առաջարկում է, որ հայ գերիների ազատ արձակման հարցում, ինչպես և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի: Նրա խոսքով՝ հատկապես ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ Ամերիկայի հայ համայնքը, որի թիվը գնահատվում է ավելի քան 1 միլիոն, ուշադիր հետևում է իրենց մտահոգությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշմանը:


Թարգմանությունը` 1lurer