Եթե մոտ ապագայում Հայաստանում հանրաքվե անցկացվեր Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային՝ տեսնելով Հայաստանի բնակչության արձագանքը։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների ու Բելառուսի իշխանությունների հայտարարություններից»,- նշել է Սիմոնյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը իր ընտրությունը կկատարի, երբ այդ հարցն իրական դառնա։
«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական միությանը անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է Սիմոնյանը։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումին՝ ընդգծելով, որ այն քաղաքական քայլ չէ։
«Մենք խնդրում ենք ռուսական կողմին դրսևորել ճկունություն, որպեսզի այդ երկաթուղիները գործեն։ Եթե չհաջողվի իրավիճակից ելք գտնել, ապա Հայաստանը կարող է դիմել դատարան, քանի որ երկաթուղու գործունեությունը ազգային անվտանգության հարց է»,- եզրափակել է Սիմոնյանը։