«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ հեռագրով շնորհավորելով Ռոբերտ Քոչարյանին՝ այսպիսի միտք է հայտնել։
«Հանուն Հանրապետության» կուսակցության
փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե այդ ինչ անձնական ներդրում է ունեցել Քոչարյանը, որ Պուտինն այդ մասին
հիշատակել է։
«Իր ողջ այն անփառունակ կառավարման
տարիները, որի տակից Հայաստանը դեռ պետք է դուրս գա, Պուտինի հասկացած հենց այդ
ներդրումն է՝ բարեկամական հարաբերություններում, որը Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի
պահպանի։ Եվ ըստ էության
Բիշքեկում սպասվող հանդիպումը լինելու է կարմիր գծերի կոնֆիգուրացիայի փոփոխության
մի փորձ, և Հայաստանը գնում է համապատասխան հաղթաթղթերով,
այն իմաստով հաղթաթղթեր, որը Ռուսաստանն այլևս չունի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Քաղաքագետը կարծում է, որ այստեղ
առանցքայինն իհարկե լինելու է երկաթգծի հարցը, ինչպես նաև գազի հետ կապված մտքերի փոխանակում
պետք է լինի։ Նրա խոսքով՝ իհարկե Ռոբերտ Քոչարյանն իր այդ անձնական ներդրումներով հանդերձ,
արդեն մեկուսացած է հասարակությունից և քաղաքական պրոցեսներից, ինչը համարում է խիստ
դրական գործոն Հայաստանի համար, և Պուտինին էլ մնում է նրան ցանկանալ տոկունություն
և այլն, որովհետև դրանից այն կողմ ազդեցություն Պուտինն այլևս չունի, և փառք Աստծու։
Քաղաքագետի խոսքով՝ Պուտինի ասած
Քոչարյանի անձնական ներդրման տակ պետք է հասկանալ «գույք՝ պարտքի դիմաց»-ը, ընդհուպ
մինչև նախավերջին վատությունը, որը Քոչարյանն արեց իր կառավարման տարիներին, ժամանակագրային
առումով, երկաթուղու կոնցեսիայի պայմանագիրն էր, և վերջին վատությունն էլ Մարտի 1-ն
էր։
Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանի
գրասենյակի ղեկավարն այսօր հայտարարել է, որ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանավորումն
է բացառապես աշխարհաքաղաքական նպատակներով, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Այստեղ, այո, աշխարհաքաղաքական
բան կա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար, և այս հեռագիրն էլ դա է վկայում,
կարևորագույն քաղաքական ակտիվ է Հայաստանում և Ռուսաստանի համար ունի ոչ պակաս նշանակություն,
քան ռազմաբազան Հայաստանում։ Բուն պատճառներն աշխարհաքաղաքականության հետ կապ չունեն,
բայց անշուշտ, եթե Հայաստանը դրսևորում է կարողություն իրացնելու արդարադատություն
մեր երկրում, և դա անում է չորրորդ փորձից, ապա այստեղ առաջանում է հիմնավոր մի միտք, որ առաջին երեք անգամները չէին
ստացվում հենց աշխարհաքաղաքական պատճառներով։ Եվ հիմա այդ պատճառներն այլևս չեզոքացված
են, և տեղի է ունենում քրեական հետապնդում՝ արդեն նպատակային ձևով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան