«Իրականում դրական կողմերը քիչ չեն». Պուտինը՝ Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, ՀԱՊԿ-ի հետ ՀՀ հարաբերությունների մասին

«Չեմ ուզում փորփրել ոչ վաղ անցյալը, բայց ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդրից»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Բիշքեկում պատասխանելով լրագրողների հարցերին։


Նա կրկին հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը այդ տարածաշրջանը ճանաչել է Ադրբեջանի մաս։


«Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը Պրահայում ստորագրել է համապատասխան փաստաթուղթը և ճանաչել, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Այդ պահից սկսած մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է, կարող ենք խառնվել կամ պե՞տք է խառնվենք Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է Պուտինը։


Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ բոլոր արևմտյան երկրները նույնպես ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, թե կարող է ապահովել այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն ու շահերը։


«Չնայած նախագահ Ալիևը ոչ մի վատ բան չէր անի այս մարդկանց հետ: Նա ժամանակակից, ինտելիգենտ մարդ է, նա կձգտեր 100%-ով ապահովել նրանց շահերը, բայց նրանք, միևնույն է, չէին մնա այնտեղ: Այդպես էլ եղավ»,- հայտարարել է Պուտինը:


Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպությունից ակնկալում էր սահմանի որոշակի հատվածների պաշտպանություն։ Սակայն, Պուտինի խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրները նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանի մասին համաձայնագրի բացակայությունը։

«Ադրբեջանը համարում է, որ սահմանն անցնում է մեկ հատվածով, Հայաստանը՝ մեկ այլ հատվածով։ Իսկ ո՞ւր է համաձայնագիրը։ Ոչինչ չկա։ Եվ ինչպե՞ս մենք կառուցենք այս հարաբերությունները։ Այնքան շատ հարցեր կան, որոնք իսկապես պահանջում են փորձագիտական ​​​​գնահատական»,- ընդգծել է Պուտինը։


Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման և Հայաստանի ղեկավարության հայտնի որոշման մեջ կան նաև դրական կողմեր։


«Մենք կարող ենք էջը շրջել և առաջ շարժվել։ Արդեն առանց այս հակամարտությունների մարդկանց վերաբնակեցնել նոր վայրերում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր կյանք սկսել տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն։ Իրականում դրական կողմերը քիչ չեն»,- հայտարարել է Պուտինը։


Պուտինը նաև հայտնել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա և մտադիր է նրա հետ մանրամասն քննարկել Հայաստանի ապագան Եվրասիական տնտեսական միությունում։