«Եթե Հայաստանին պետք չէ, վաղը ևեթ կարող ենք դուրս բերել ռուսական ռազմաբազան Գյումրիից». Պուտին

Եթե ​​Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական բազան իրեն պետք չէ, մենք դուրս կգանք թեկուզև վաղը, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ լինի ինչ-որ ռուսական ռազմական ներկայություն, մենք կմնանք», - ասել է Ռուսաստանի նախագահը։


Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շուրջ երկխոսությունը վարել հանգիստ ռեժիմում, ուստի Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, որպեսզի «նստեն և անցնեն տարբեր կետերով»։

 

Այդ երկկողմ բանակցությունների թվում Ռուսաստանի ղեկավարը նշել է Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի և Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան։


Նա հիշեցրել է, որ Հայաստանը զգալի օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում, և խոսքը ոչ միայն էներգակիրների գներին է վերաբերում։


«Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական թելերը, և նույնիսկ ավելին, քան բարեկամության. մենք հայերի հետ փոխհարաբերությունների խոր արմատներ ունենք, ընդհանրապես հայ ժողովրդի, հայերի հետ, այդ թվում և աշխարհի այս տարածաշրջանում։ Սակայն պարզապես երկու կազմակերպություններում միաժամանակ գտնվելը անհնար է. բուսասանիտարական նորմերը, տեխնիկական ստանդարտները և շատ այլ բաներ այսօրվա դրությամբ անհամատեղելի են»,- ասել է Պուտինը։