«Ակուրատնի» թալանի գեներալը․ Սերժ Սարգսյանի կանաչ լույսն ու «գանձագող» Խաչատրյանի միլիարդները

193 անշարժ գույք, մասնավորապես 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիոն 451 հազար ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,  շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ․․․  Սա  ապօրինի ծագում ունեցող այն գույքերն են, որոնք  դատախազությունը պահանջում է բռնագանձել  ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից։ Երեկ, օրվա առաջին կեսին, երբ հայտնի դարձավ, որ 2026թ. հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Խաչատրյանի նկատմամբ, հանրությունը  շոկի  մեջ էր, բայց ոչ թե նախկին պաշտոնյայի վերաբերյալ  հարուցված քրեական հետապնդումից, այլ գույքերի այն ծավալից,  որը թվարկվեց քիչ վերը։ Շատերն ապշահար էին պետական ունեցվածքի, գանձարանի՝ ֆինանսների ու եկամուտների կառավարման համար պատասխանատու նախկին պաշտոնյայի ախորժակից ու ագահության, անկշտում լինելու մասշտաբներից և այն մեքենայություններից, հանցավոր, կոռուպցիոն սխեմաներից, որոնք գործի են դրվել  այս կամ այն գույքը օտարելու կամ գրպանելու համար։ Օրվա երկրորդ կեսին արդեն փորձ արվեց ստվերել նրա վերաբերյալ հանրային նոր քրեական հետապնդման հանգամանքը համացանց նետված տեսագրության միջոցով, որում երևում է, թե ինչպես են անկողնուն գամված նախկին պաշտոնյային պատգարակի վրա տեղափոխում դատարան՝ քննելու նրա վերաբերյալ կալանքի միջնորդությունը։ «Խոշտանգում, անմարդկային վերաբերմունք, ոնց կարելի է․․․»,- հանրային շոկը սոցհարթակներում զուգակցվեց  նաև ահա այսպիսի արձագանքներով։  Դատախազությունը, մինչդեռ, պնդում է, որ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։


Դառնանք խոշտանգմանը, անմարդկային վերաբերմունքին. ուսումնասիրելով նախկին սուպերնախարարի ունեցվածքի ծավալները՝ անհնար է չհանգել տրամաբանական եզրահանգման՝ այդքան շարժական ու անշարժ գույքը, պարտատոմսերն ու միլիոնները արդյոք հնարավո՞ր էր դիզել առանց խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի, ընդգծենք՝ պետակա՛ն ունեցվածքի, գանձարանի հանդեպ ցուցաբերված խոշտանգման ու  անմարդկային վերաբերմունքի։ Հազիվ թե։ Նախկին պաշտոնյայի դիզած գույքը, մեծ հավանականությամբ, այդպես էլ ստվերում կմնար, դրա ապօրինի ծագումը Հակակոռուպցիոն դատարանը չէր քննի, եթե երկրում շարունակեր իշխել նախկին՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը, որի հիմնասյուներից մեկն էլ ինքը՝ ՊԵԿ նախկին նախագահն ու նախկին նախարարն էր։  Այն նույն Սերժ Սարգսյանի, որը  առաջնորդվում էր հաջողության հետևյալ բանաձևով՝ Ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա։


 Ի՞նչն է ապշեցուցիչն ու շոկայինը՝ անկախությունից ի վեր մինչև 2016 թվականը պետական կարևոր պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի ունեցվածքի օրինական լինելը կապացուցեն դատարանում, ասել կուզի՝ Խաչատրյանն ինչ ունի, չունի՝ 190-ից ավելի  գույքերը, ճակատի քրտինքով է վաստակել, ոչ մի ստվերային գործարք։ 


Ի դեպ, ստվեր ասացինք, հիշեցինք, թե ինչ էր ասում Գագիկ Խաչատրյանը ստվերի մասին, երբ նրան հարցնում էին ՀՀ-ում առկա ստվերի մասին:


Խաչատրյանի այս խոստովանությունը ստվերի մասին ապացույցն է այն բանի, որ պետական համակարգում իմացել ու չեն կանխարգելել պետբյուջե վճարվելիք միջոցների  գրպանումը։ Թե ում գրպաններն են հոսել այդ միջոցները, որոնք պետք է ծառայեին այդ միջոցների սեփականատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, թոշակների ու նպաստների, աշխատավարձերի բարձրացմանը, բանակաշինությանը, առաջնագծի բարեկարգմանը, կարելի է եզրակացնել։ Այն չակերտավոր շների, որոնք պետք է գառներին պաշտպանեին գայլերի հարձակումից, բայց, փաստորեն, գործակցել են գայլերի հետ՝ դրանից բխող հետևանքներով։  Հրանտ Մաթևոսյանի  գրչած՝ «սերմացու գողացող մկների, թուխս գողացող աղվեսների պես»։          


Ի դեպ, երբ ժամանակին՝ 2013-ին  (այդ ժամանակ, հիշեցնենք, Խաչատրյանը ՊԵԿ նախագահն էր), Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ բարձր ամբիոնից  ահազանգում էր  պետական գանձարանի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, «ատկատների», մսխումների մասին՝ «գայլերի», «մկների» ու «աղվեսների» կողմից, պետության գլուխը՝ Սերժ Սարգսյանը, համատարած թալանի դեմ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ջղայնանում, ծառս էր լինում՝ Զաքարյանին մեղադրելով անհեռատեսության, քաղաքական հայտարարություններ անելու մեջ։


Սերժ Սարգսյանն, արդ, երբ ժամանակին «պուբլիչնի» կշտամբում էր կոռուպցիայի, պետական ալան-թալանի մասին ահազանգողներին, արդյոք այսպիսով կանաչ լույս չէ՞ր վառում պոտենցիալ գագիկխաչատրյանների առաջ՝ նրանց ազդակներ ուղարկելով՝ ինչ ուզում եք՝ արեք, մենակ թե ակուրատնի արեք։  


Ի դեպ, 2016-ի սեպտեմբերին պաշտոնից ազատված Խաչատրյանին Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011-ին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում։ 2012-ին էլ նախկին նախարարը պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով, որը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար: Թե ինչ գյուտ կամ հայտնագործություն է արել Խաչատրյանը՝ մեզ հայտնի չէ, բայց ենթադրում ենք՝ գյուտն ու հայտնագործությունը այս կամ այն կերպ առնչվել են պետական ունեցվածքը ակուրատնի գրպանելուն։  


Հեղինե Մանուկյան