ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։

 

Միջազգային հանդիպումը նվիրված է Կունմինգ-Մոնրեալի «Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի գլոբալ վերանայմանը, որը լինելու է Երևանում կայանալիք COP17-ի առանցքային գործընթացներից մեկը։



Նախարար Մաթևոսյանը ելույթ կունենա երկխոսության բացման լիագումար նիստում՝ ներկայացնելով Հայաստանի COP17 նախագահության տեսլականն ու գլոբալ վերանայման գործընթացից ակնկալվող արդյունքները։

 

Կունմինգի երկխոսության արդյունքները կներկայացվեն COP17-ին՝ նպաստելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված հետագա քայլերի ձևավորմանը։

 

Այցի շրջանակում նախատեսված են նաև նախարար Մաթևոսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ՝ միջազգային գործընկերների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների, նախագահության առաջնահերթությունների և կենսաբազմազանության ոլորտում համագործակցության հետագա ուղղությունների քննարկման նպատակով։