Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել ապահովագրության շրջանակում երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը։
«Այո՛, կան դեպքեր, երբ խորհրդատվության համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում, որովհետև, օրինակ, ճիշտ չի պահպանվել ուղին, այսինքն՝ պոլիկլինիկա, այնուհետև՝ հիվանդանոց։ Տվյալ քաղաքացին պլանային խորհրդատվության համար ուղիղ դիմել է հիվանդանոց․ սա ապահովագրությունը չի փոխհատուցի։
Այո՛, կան դեպքեր, երբ ինչ-որ մի մասնագիտությամբ խորհրդատվությունը կարող է իր մեջ նաև համավճար պարունակել։ Այս մասն էլ առանձին կարգավորված է, և մենք շատ ազնիվ ենք մեր կարգավորումների մեջ։
Առողջության համընդհանուր ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում։ Այն միտված է բոլորին ներառելուն, և մենք գնում ենք դրան, որ բոլոր քաղաքացիները ներառված լինեն առողջության համընդհանուր ապահովագրության մեջ, բայց, իհարկե, առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակ»,-նշել է նա։