Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած գործակարգավարական խորհրդակցությանը քննարկվել են Կառավարության 2026- 2031թթ. ծրագրում ներառված առողջապահական միջոցառումներից բխող ծրագրերը, որոնք առաջիկայում կհաստատվեն: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Մեր ուղենիշն է ունենալ մարդակենտրոն առողջապահական համակարգ, անընդհատ զարգացող և համալրվող ենթակառուցվածքներ, առողջ հասարակություն»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Գործակարգավարական խորհրդակցությանը նախարարը ներկայացրել է առողջապահության թիմին միացած գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել նախկին փոխնախարարներ Արմեն Գասպարյանին և Լևոն Հակոբյանին կատարած աշխատանքի համար: Նրանք կշարունակեն իրենց ներուժն ու կարողությունը ներդնել մեր համակարգում:
Նախարարն աշխատանքների կազմակերպման համար կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ շեշտելով ծրագրով նախատեսված նպատակների ժամանակին և արդյունավետ իրականացման կարևորությունը: