Հայկական արտադրանքը կարող է հայտնվել «LuLu Group»-ի 280-ից ավելի հիպերմարկետներում․ Գևորգ Պապոյանի հանդիպումը Դուբայում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցի ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։


Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և Հայաստանում կազմակերպել B2B ձևաչափով հանդիպում՝ «LuLu Group International»-ի ներկայացուցիչներին հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին տեղում ծանոթացնելու նպատակով։


«LuLu Group International»-ը գործում է աշխարհի 22 երկրում՝ կառավարելով ավելի քան 280 հիպերմարկետ և սուպերմարկետ։ Ցանցի հիմնական ներկայությունը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում է։ «LuLu Group International»-ը կառավարում է նաև «LuLu Hypermarket» ցանցը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք երկրների շուկաներում։