Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Որպես COP17-ի նախագահող՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է երկխոսության բացման լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի նախագահության տեսլականն ու մոտեցումները Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման վերաբերյալ։
Միջոցառումը նվիրված է Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նախապատրաստմանը։
Երկխոսությունը համախմբել է Կոնվենցիայի Կողմերի, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, ակադեմիական, մասնավոր և ֆինանսական հատվածների ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։
Քննարկումների առանցքում են լինելու Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացն ու առկա բացերը, մինչև 2030 թվականը նպատակների և թիրախների իրականացման ուղղված լրացուցիչ քայլերը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։
Երկխոսության արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք COP17-ին և կարևոր հիմք կծառայեն Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայման շուրջ հետագա քննարկումների և որոշումների համար։