ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։