Ռուսաստանի դեմ սահմանվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելին է, քան աշխարհի մյուս բոլոր երկրների դեմ կիրառվածները միասին վերցրած։ Այս մասին Հնդկաստանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը, միևնույն ժամանակ, չի թերագնահատել այդ սահմանափակումների ազդեցությունը՝ նշելով, որ դրանց հետևանքով երկրի տնտեսությունում մեկնարկել են կառուցվածքային փոփոխություններ։ Ըստ նրա՝ հենց այդ վերափոխումների շնորհիվ Ռուսաստանը դարձել է ավելի ուժեղ, դիմացկուն և ճկուն։
Պուտինը վստահեցրել է գագաթնաժողովի մասնակիցներին, որ վերջին երեք տարիներին Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը։
Ավելին՝ նա ընդգծել է, որ պատժամիջոցներ սահմանած երկրներն իրենք են բախվել լուրջ հետևանքների՝ բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի ավելացման և արդյունաբերական ոլորտի անկման։