Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ևս մեկնի այնտեղ։ Քաղաքական այս իրադարձությունը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։
«Մենք պետք է այնտեղ լինենք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշում կայացնենք»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկու խոսքով՝ այն, ինչ ինքը պատրաստվում է ասել Պուտինին կամ ինչ նա է ուզում ասել իրեն, ավելի փոքր նշանակություն ունի, քան արդյունքները․ «Խոսքը բառերի մասին չէ։ Ինչ ես նրան կասեմ կամ ինչ նա է ուզում ասել ինձ, նշանակություն չունի։ Արդյունքներն ունեն նշանակություն։ Ահա և վերջ»։
Կրեմլը դեռևս հրաժարվում է հայտնել՝ արդյոք Ռուսաստանի նախագահը կմեկնի Մայամի՝ G20-ի գագաթնաժողովին։ Վերջին անգամ նա անձամբ «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցել է յոթ տարի առաջ։
Այդուհանդերձ, օգոստոսին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ԱՄՆ-ից հրավեր էր ստացել մասնակցելու Հյուսիսային Կարոլինայում կայանալիք G20 երկրների հանդիպմանը, ինչը եվրոպացի քաղաքական գործիչների քննադատության ալիքն էր բարձրացրել։