Բացեք Վարդան Ղուկասյանի արգելքները, մի հետապնդեք, բերեք մանդատները վայր դնենք, գնանք նոր ընտրության․ Առաքելյան

Armtimes.com-ը գրում է․ Արձակուրդից վերադարձած Գյումրու ավագանին նիստը սկսեց սովորականի նման, սակայն մի քանի հարցի քննարկումը վերածվեց վիճաբանության, լեզվակռվի, փոխադարձ մեղադրանքների։


Օրակարգային էր նաև «Գյումրու օր» տոնակատարության հարցը, որի անցկացման համար քաղաքապետարանի մշակույթի բաժինն ունի համապատասխան ֆինանսավորումն ու նախագիծը։


Այս տոնը ևս, սակայն, վերջերս ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի և Վարդան Ղուկասյանի փեսա, ներկա պահին քաղաքապետի լիազորությունները կատարող Ավետիս Առաքելյանի համագործակցությամբ նպատակ կա անցկացնել բարերարի միջոցներով։ Թե որ բարերարի, չբարձրաձայնվեց։


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն ասաց՝ ավելի լավ է գումար ավելացնել և «Գյումրու օր»-ը նշել ինքնուրույն, համայնքապետարանի միջոցներով, քան բարերարներից գումար ուզել։


«Նույնն է, որ մարդն ինքն իր տան անդամի տարեդարձը նշել չկարողանա, հարևաններից, բարեկամներից գումար ուզի, որ նշի։ Իմ կարծիքով՝ հարևանից, ուրիշից գումար ուզելը ոչ թե պարծենալու հարց է, այլ տխրելու»,- ասաց Արամյանը։


Ավետիս Առաքելյանը չհամաձայնեց, ասաց՝ գումարը տվողը ուրիշ չէ։


«Այն, ինչը բարեգործությամբ է լինելու, ի սրտե է լինելու, երբ որ մեծ եղբայրն ուզում է իր փոքր եղբոր ծնունդը անի, և ավելի շքեղ անի, ճոխ անի, դրան դեմ կանգնելը էդքան էլ ընդունելի չէ, թող անի, մենք էլ գումարը կտնտեսենք»,- ասաց Առաքելյանը։


ՔՊ խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ Գյումրու մեծ եղբայրը Հայաստանի Հանրապետությունն է, որին ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Արցախի մեծ եղբայրն էլ էր Հայաստանի Հանրապետությունը»։


ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը հարցրեց, թե ներկա ղեկավարության օրոք Գյումրին հասնելո՞ւ է մի կետի, որ կախում չունենա բարերարից, չդիմի քույրերին, եղբայրներին, քավորներին, սանիկներին։ Հարցին ի պատասխան՝ Առաքելյաննա ասաց՝ հարցին չի պատասխանի:


««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անընդհատ ասում է՝ Գյումրիում կառավարման ճգնաժամ է, պետք չէ այդ թեզն առաջ բերել և ամեն ինչին այդ լույսի ներքո նայել։ Չի ստացվելու»,- վստահեցրեց նա։


Ավելին՝ Առաքելյանն առաջարկեց Վարդան Ղուկասյանի ազատության դիմաց վայր դնել մանդատներն ու գնալ նոր ընտրությունների։ Շավարշ Արամյանը ճշտեց՝ պե՞տք է Ավետիս Առաքելյանի հայտարարությունն ընդունել որպես պաշտոնական։


«Ես ասացի՝ բացեք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ բոլոր արգելքները, բացեք ամբողջ հնարավորությունները, մի հետապնդեք, կառավարական ճնշումներ մի գործադրեք, բերեք մանդատները վայր դնենք, գնանք ընտրության, և տեսեք՝ ինչ կկատարվի էդ ժամանակ»,- երկրորդ անգամ հայտարարեց Ավետիս Առաքելյանը։


Շավարշ Արամյանը հիշեցրեց՝ հարցն իրավապահների տիրույթում է, դա ավագանու քննարկելիքը չէ։