ՊԵԿ ներքին աուդիտի կոմիտեի նիստում քննարկվել է ներքին աուդիտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը՝ ՊԵԿ ներքին աուդիտի բարեփոխումների ծրագրի շրջանակում մշակված ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով։ Ներքին աուդիտի բարեփոխումների ծրագիրն իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Նիստին մասնակցել են Կոմիտեի անդամները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և համապատասխան փորձագետները: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


«ՊԵԿ նախագահը, բարձր գնահատելով ՊԵԿ ներքին աուդիտի վարչության դերը համակարգում առկա ռիսկերի գնահատման, ներքին հսկողական համակարգերի արդյունավետության վերլուծության և Կոմիտեի գործունեության շարունակական բարելավման գործում, ընդգծել է նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը։


Փորձագետները ներկայացրել են ներքին աուդիտի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև եռամյա ծրագրի ճանապարհային քարտեզը։ Միաժամանակ, քննարկվել են ծրագրի փուլային աշխատանքները, պատասխանատուների շրջանակը և ժամկետները։ Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ:


Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Կոմիտեի դերը՝ ներքին աուդիտին ուղղված կարողությունների զարգացման և կատարելագործման գործում։


ՊԵԿ ներքին աուդիտի բարեփոխումների ծրագիրն իրականացվում է ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համահունչ՝ նպաստելով համակարգի շարունակական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: