«Ռոսատոմը» պաշտոնապես Հայաստանին առաջարկ է արել միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան։
Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի տեխնիկական բնութագրերի և շինարարության գործընկերոջ ընտրության վերաբերյալ։
Պաշտոնյան հայտնել է՝ «Ռոսատոմը» հայկական կողմին պաշտոնական առաջարկ է ներկայացրել 1000 ՄՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 էներգաբլոկի կառուցման վերաբերյալ և ռուսական կողմը պատրաստ է նախագիծն իրականացնել ինտեգրված միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի արտադրողների, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։
Էլեկտրաէներգիայի սպառման տարեկան շուրջ 4 տոկոս աճի պայմաններում, ըստ փորձագետների կանխատեսումների, 2036 թվականին Հայաստանին անհրաժեշտ կլինի նման հզորության բազային գեներացիա՝ առաջացող դեֆիցիտը ծածկելու համար։