ԱՊՀ երկրների վարչապետները կհանդիպեն դեկտեմբերի 18-ին Մոսկվայում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Ռուսաստանում, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսվում է Համագործակցության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ԵԱՏՄ գերագույն խորհրդի նիստերը նախագահների մակարդակով, իսկ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը... դեկտեմբերի 26-ին»,- Մինսկում լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը։

Լեբեդևը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումը կանցկացվի Մոսկվայում դեկտեմբերի 18-ին և կկայանա Ռուսաստանի նախաձեռնությամբ։ «Կհավաքվեն ԱՊՀ երկրների վարչապետները, որպեսզի տարեվերջին փոխանակեն ԱՊՀ-ի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականները, քննարկեն արդիական հարցեր»,- ասել է նա։

Ներկայում ԱՊՀ-ի կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը և Մոլդովան, որը 2022 թվականից անտեսում է ԱՊՀ շրջանակներում նիստերը։