Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է կրիմինալ անցյալով թեկնածուն, թեկնածուների մեծ մասն էլ գործազուրկ է․ հետաքննություն

Մեկնարկել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ  ընտրությունների քարոզարշավը։ Ընտրապայքարին մասնակցում է 5 քաղաքական ուժ՝ կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն», «Գործարար» և «Հայրենիք» կուսակցությունները։ Լոռեցի Սամոյի՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ը, նկատենք, հոկտեմբերին  մի շարք այլ համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, և միայն Ստեփանավանում է որոշել մտնել մրցապայքարի մեջ՝ ավանսով ազդարարելով՝ մյուս համայնքներում տեղի ունենալիք ընտրապրոցեսին թեև կուսակցությունը չի մասնակցում, բայց կանխատեսում է՝ ՔՊ-ին լուրջ փորձություն է սպասվում՝ ի դեմս ընդդիմադիր «գործընկեր կուսակցությունների»։ Սպասենք, տեսնենք։


Նախքան այդ, սակայն, եկեք պարզենք, թե ինչպիսի ընտրական ցուցակներ են ներկայացրել քաղաքական ուժերը։ Թվում էր, թե ՈՒՀԿ-ն, որն իրեն դիրքավորել է որպես ֆավորիտ, «հաղթանակը գրպանում դրած» ուժ,  պետք է «ուժեղ» թեկնածուներից կազմված մի շենշող, ստեփանավանցիներին գերող ցուցակ ներկայացներ, սակայն՝ ոչ։ Ցուցակը գլխավորում է «Արսեն Գևորգյան Վաղինակի» ԱՁ տնօրենը՝ Արսեն Գևորգյանը, որի ուշագրավ անցյալին կանդրադառնանք ստորև։  


ՈւՀԿ 55 հոգանոց ընտրացուցակում, նկատենք, ավագանու ընդամենը երեք անդամի թեկնածու է, որ զբաղվածություն ունի՝ համենայնդեպս աշխատանքի վայր է նշել, մինչդեռ ճնշող մեծամասնությունը չի աշխատում։ «Ոչ մի տեղ չաշխատողների» ցուցակով, փաստորեն, ուժեղները որոշել են մասնակցել ընտրապայքարին ու ջախջախիչ հաղթանակ տանել մյուս ուժերի, ի մասնավորի՝ ՔՊ-ի  հանդեպ ու վերջապես  սկսել համայնքի «ուժեղացումը»։ Նկատենք, որ սույն քաղաքական ուժի ընտրական կարգախոսն է «#ՓոփոխությունՍտեփանավանիհամար»։  Հատկանշական է, որ ցուցակում ներառվածների ճնշող մեծամասնությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, որոշ անդամներ՝ անկուսակցական, ցուցակի չորրորդ համարն էլ՝ Լիլիա Հարությունյանը,  «Հայկական քվե» կուսակցությունից է, որը  «Հայաքվե»-ի Ստեփանավանի տարածքային գրասենյակի ղեկավարն է։ Ուշագրավ է, որ տիկին Հարությունյանը գործող ավագանու անդամ է, (39 նիստի բացակայել է) նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, այժմ էլ, փաստորեն, որոշել է համայնքի ավագանի ներխուժել՝ ծվարելով  նոր «քաղաքական տանիքի» տակ՝ «ուժեղների»։ Ռուսաստանում՝ Պերմի պետական ինստիտուտն ավարտած՝ կենսաբանության և  քիմիայի մասնագետ Լիլիա Հարությունյանի նկատմամբ, նկատենք, 2021-ից քրեական հետապնդում է իրականացվում։ Հակակոռուպցիոն դատարանում 2022-ին սեպտեմբերից վերսկսվել է գործի քննությունը (մեղադրական եզրակացությունը Լոռու մարզի քրեական դատարան է ուղարկվել 2021-ին)։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Լ․ Հարությունյանը, հանդիսանալով Լոռու մարզի «Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, 2008 թ․ նոյեմբերի 1-ին դպրոցի վարորդ Ռ․ Մկրտչյանի որդուն՝ Ա․Մկրտչյանին, ձևականորեն հրամանագրել և նույն դպրոցում ընդունել է աշխատանքի որպես պահակ: Այնուհետև, տեղյակ լինելով, որ Ա․ Մկրտչյանը աշխատանքի չի հաճախում, նրա  անվամբ ելքագրվող աշխատավարձի գումարները յուրացնելու դիտավորությամբ նույն դպրոցի՝  տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, հաշվապահի հաստիքը զբաղեցնողների օժանդակությամբ ամեն ամիս կազմել ու ՊՈԱԿ-ի  կնիքով վավերացրել է աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրերը, աշխատավարձերի վճարման ցուցակները՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով Ա․ Մկրտչյանի կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իր աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ։  Ապա կեղծ փաստաթղթերը հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, ինչի արդյունքում 2008 թ․ նոյեմբերի 1-ից մինչև 2010 թ․ դեկտեմբերը, ինչպես նաև 2011 թ․ հունվարից մինչև 2018 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում  Ռ․ Մկրտչյանը որդու  փոխարեն ստացել է վերջինիս անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները և դրանք հավասարաչափ բաշխել իր և Լիլիա Հարությունյանի միջև։ Սույն գործով ամբաստանվում էր ևս չորս անձ, որոնցից երեքի նկատմամբ քրեական հետապնդումը մասամբ դադարեցվել է՝ մասնավորապես վաղեմության ժամկետի հիմքով։ Նշենք, որ սույն գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ Դատական վերջին նիստը, ըստ «Դատալեքս»-ի, կայացել է ս․թ․հուլիսին։

  

Ցուցակի 10-րդ համարն էլ «Ռուսաստան» ՀԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարն է՝ Յուբով Բոնդարևան։ Հարկ է նկատել, որ ընտրական գործընթացը դեռ չսկսած՝ արդեն իսկ երկու ավագանու թեկնածու ինքնաբացարկ է հայտնել՝ ցուցակի 5-րդ և 17-րդ համարները։ Ստացվում է՝ ոչ մի տեղ չաշխատող սույն անձանց համար համայնքային կառավարումը դիտարկվում է որպես իրենց զբաղվածության՝ պարապ չմնալու հարցը լուծող հնարավորություն։

 

Ո՞վ է քրեական անցյալով Արսեն Գևորգյանը


46 ամյա Ա․ Գևորգյանի ԱՁ-ն գործունեություն է իրականացնում քաղաքաշինության բնագավառում։ Ըստ Ստեփանավանի մեր աղբյուրների՝ Գևորգյանը ոչնչով աչքի չընկնող «թաղի տղա» է, այսպես ասած՝ կրիմինալ անցյալով։ Ստեփանավանցիների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Գևորգյան ընտանիքի անունը շոշափվում է նաև ընտանեկան բռնության հետ կապված պատմության մեջ։ «Դատալեքս» հարթակում մեր պրպտումները ցույց տվեցին, որ Արսեն Վաղինակի Գևորգյանի վերաբերյալ կա 2020 թվականի մարտին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ «Ուժեղներ»-ի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետի պաշտոնը, իր համար շինափայտ մշակելու համար, 2016թ. օգոստոս ամսին ապօրինի ծառահատումներ կատարելու առաջարկով դիմել է Ստեփանավանի անտառպետության 2-րդ պահաբաժանի անտառապահ Հովիկ Պետրոսյանին, ով թույլատրել է անարգելք ապօրինի ծառահատումներ իրականացնել: Այնուհետև մեր «հերոսը», պաշտոնական դիրքն օգտագործելով, կազմակերպել ու իրականացրել է անտառային ֆոնդի տարածք հանդիսացող Ստեփանավանի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնում թվով 47 սոճենի տեսակի ծառերի ապօրինի հատումները՝  պետությանը պատճառելով  3 մլն 147 հազար ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս: Բացի այդ, Արսեն Գևորգյանը, 2017թ. հունվար-փետրվար ամիսներին իր լիազորություններն օգտագործել  է անտառային ֆոնդի տարածք հանդիսացող Ստեփանավանի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնում թվով 20 սոճենի տեսակի ծառերի ապօրինի հատումները՝ պետությանը պատճառելով է 2 մլն 106 հազար ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս: Ամբաստանյալ Արսեն  Գևորգյանին Լոռու մարզի դատարանը 2020-ին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մաով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։  Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով` նրան զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց կազմակերպություններում ղեկավար և նյութական պատասխանատու պաշտոններ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով: Արսեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել  է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին՝ 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նա ազատվել է հիմնական պատժից: 

Ստեփանավանցիները մեզ պատմեցին նաև, թե՝ լուրեր են շրջանառվում, որ  ապօրինի անտառահատման սկանդալից հետո, երբ Գևորգյանի վերադասը նրան ազատել է աշխատանքից, նախկին պաշտոնյան վրդովվել ու կրակոց է արձակել նրա ուղղությամբ։ Միջադեպը, սակայն, մեզ հետ զրուցած ստեփանավանցիների վկայմամբ, չի արձանագրվել իրավապահների կողմից։  

Ավագանու չաշխատող թեկնածուները՝ այլ քաղաքական ուժերի ցուցակներում

 

Ընտրապայքարին մասնակցող՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն էլ ԿԸՀ է ներկայացրել չաշխատողների մի տպավորիչ ցուցակ։  «Ցուցակն էլ գլխավորում է ոչ մի տեղ չաշխատող Աշոտ Հայրապետյանը, նորեն, ոչ մի տեղ չի աշխատում։ Ցուցակի 6-րդ համարը «Սագամար» ՓԲԸ-ում տեխաշխատող է, 10-րդ համարն էլ «Գազմաստեր» ՍՊԸ-ում աշխատում է որպես օպերատոր-գազալցավորող։ Ստեփանավանի ընտրություններին մասնակցությունը, փաստորեն, «Հայրենիք» կուսակցության անդամներն էլ են դիտարկում որպես աշխատանքի տեղավորման հնարավորություն։


«Գործարար» կուսակցության 35 հոգանոց ցուցակն էլ գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետը՝ անկուսակցական Արմեն Գրիգորյանը։ Ցուցակում ներգրավված են ինչպես «Գործարար», այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և անկուսակցականներ։ Ցուցակի երկրորդ  համարը  ՔՊ-ն ներկայացնող Հմայակ Մարտիրոսյանն է՝ Ստեփանավանի  Վ․Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական գծով համակարգողը, երրորդ համարը՝ «Viva Հայաստան» ՓԲԸ-ում ավագ մասնագետ է աշխատում։ Ցուցակի 5-րդ հորիզոնականում է Ստեփանավանի համայնքապետի տեղակալ, «Գործարար» կուսակցությունը ներկայացնող Արսեն Հարությունյանը։ 35 հոգանոց ցուցակում մոտ  10 անձ է, որ չի աշխատում, մասնավորապես 3-ը ցուցակի վերջին տեղերում են։ 


«Հանրապետություն» կուսակցության 20 հոգանոց ցուցակում էլ գերակշռում են չաշխատողները։ Ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը, երկրորդ տեղում «Օվսաննա» Սուպերմարկետի տնօրեն Արմեն Ալեքսանյանն է։ Ցուցակի բոլոր անդամները ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 50 հոգանոց ընտրական ցուցակն էլ ղեկավարում է Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Ցուցակում ներառված են ինչպես ՔՊ-ական, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ։ Հարկ է ընդգծել՝ ընտրացուցակի բոլոր թեկնածուներն աշխատում են, որևէ գործազուրկ չկա։    


Հեղինե Մանուկյան