ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի կազմակերպումը մեծածավալ աշխատանք է և պահանջում է ներգրավված բոլոր գերատեսչությունների համակարգված ու հետևողական համագործակցություն։ Նա մասնավորապես կարևորել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ ամենօրյա սերտ աշխատանքը՝ նշելով, որ խաղերը դարձել է մասշտաբային իրադարձություն։

«Պետք է մեծ ջանք գործադրենք, որպեսզի պատշաճ պատրաստվենք, և ամեն ինչ անցկացվի բարձր մակարդակով ու որակով։ 2023 թվականի խաղերին մասնակցել է 7161 մարդ, իսկ առաջիկա խաղերի դեպքում, հաշվի առնելով նաև մարզաձևերի ցանկն ընդլայնելու և առավել բազմազան ծրագիր ունենալու վերաբերյալ քննարկումները, մասնակիցների թիվը կարող է ավելի մեծ լինել»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։