ՀՀ գլխավոր դատախազությունը Կապանում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար մեղադրվող անձանց կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու որոշումը բողոքարկելու է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«2026 թվականի ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անչափահասին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը):
Դատախազը 2026 թվականի մայիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Բ. Չ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), իսկ 2026 թվականի մայիսի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս. Օ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), 192-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) (անչափահասին ազատությունից ապօրինի զրկելը):
Բ. Չ.-ի և Ս. Օ.-ի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը: 2026 թվականի հունիսի 3-ին դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 սեպտեմբերի 30-ին կալանք խափանման միջոցը փոխել է տնային կալանք խափանման միջոցով: Դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք է ներկայացնելու»,- մանրամասնել են կառույցից: