Ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը հրճվանքի անոմալ նոպա է հարուցել հայտնի «կուտոկի» մոտ

Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Հայաստանի տարածք` Սյունիքի մարզի Սիսիան համայնք, պարանորմալ հրճվանք է հարուցել նախկին իշխանության հետ աֆիլացված քաղաքական խմբակների ու նրանց քարոզչամեքենայի մոտ։ 

 

Ինչո՞ւ հրճվանք, քանի որ սույն ինցիդենտը պատեհ առիթ է՝ կասկածի տակ դնելու՝ ինչպես իրենք՝ հիշյալ շահագրգիռ խմբակներն են սիրում ձևակերպել՝ «Նիկոլ Փաշինյանի բերած» խաղաղությունը։  Զինծառայողի արձակած կրակոցը, որից   մարմնական վնասվածքներ է ստացել Շաքի բնակավայրի բնակչուհին, ըստ այդ հրճվող խմբակի, «կրակոց է խաղաղության վրա»։ Այս խմբակը երևի շատ է ափսոսում, որ կրակոցի հետևանքով սյունեցի կինը կամ նրա երեխաները չեն մահացել, քանի որ, եթե, Աստված մի արասցե, մահ արձանագրվեր, ապա այդ հանգամանքը ավելի տպավորիչ, ավելի համոզիչ  կդարձներ Փաշինյանի բերած խաղաղության՝  «լեգենդ» լինելն ապացուցելու, այդ խաղաղությունը զրոյացնելու նրանց ջանքերը։

 

Միջադեպն, անշուշտ,  անչափ մտահոգիչ է, համաձայն ենք՝ նաև ի վնաս խաղաղության գործընթացի, ավելի քան մեկ տարի առաջ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի։ Բայց վերոհիշյալ խմբակին տանջող ցավը բնավ  կասկածի տակ դրված խաղաղությունը չէ, թեկուզ՝ Նիկոլ Փաշինյանի բերած։ Այլ՝ միջադեպից քաղաքական դիվիդենտ քաղելը, միջադեպը սեփական  քաղաքական ճղճիմ օրակարգին ծառայեցնելը, ադրբեջանցու արձակած կրակոցի վերաթիրախավորումը՝ Շաքիի բնակչուհուց դեպի կառավարող ուժ։ 

 

Ինչն է զազրելին այս աղմուկ-աղաղակի, քարոզչական փսիխոզի մեջ՝ «դիվերսանտագետների», վատ լուրերով սնվողների «կուտոկը» միջադեպին հղում անելով երեկվանից աղաղակում է ՀՀ սահմանների «բաց ու անպաշտպան», մեր իրավապահների «ոչ կոմպետենտ» լինելու, իրենց պարտականությունները չկատարելու՝ ադրբեջանցի զինվորի թափանցման մասին լուրը չհայտնելու մեջ՝ եզրակացնելով՝ «այս միջադեպն առաջինը չէ, հաստատ՝ վերջինն էլ չի լինելու»: Այսպիսի հայտարարություններ անողները տեսնես գիտակցո՞ւմ են, որ քաղաքական  նպատակներով չարախնդալով տեղի ունեցածի կապակցությամբ, խոսելով սահմանների «բաց» լինելու մասին իրականում մեծ վնաս են հասցնում ՀՀ ազգային անվտանգությանը, խփում հասարակության տեղեկատվական իմունիտետին։ Խիստ կասկածում ենք։

 

«Ուժեղ Հայաստան»-ը, ինչպես և սպասվում էր,  ևս միացել է «հրճանք» օպերացիային։ Սույն կուսակցության խորհրդարանական խմբակցության որոշ ներկայացուցիչներ, տնայնաբույծ վերլուծաբանի ոճը «քոքած», ապոկալիպտիկ վերլուծություններ են արել  ՀՀ անվտանգության վերաբերյալ, թեման ԵԽԽՎ իր ելույթում ընդհուպ շոշափել է նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Սույն կուսակցության ֆեյսբուքյան էջում էլ մի հայտարաություն է զետեղվել, որտեղ  «ուժեղները» ետին թվով իրենց երևակայել են «ուժեղ կանխատեսող»՝ աղաղակելով․ ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ: Նրանք այստեղ են՝ մեր տանը»։ Որքան հիշում ենք՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական խմբակը նախընտրական շրջանում 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին կեղծ թեզն էր տիրաժավորում՝ տեղեկատվական դիվերսիա իրականացնելով  ՀՀ ընտրողների նկատմամբ։ Փաստորեն, զորամասը լքած ու ՀՀ սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը, ըստ «ուժեղների» «ուժեղ» լոգիկայի՝ իրենց ասած 300 հազար ադրբեջանցիներից մեկն է, սահմանը խախտելու իրենց հերթին են սպասում  մնացած 299 հազարը։  Ի՞նչ է սա, եթե ոչ՝ մառազմ, տխմարություն, նաև՝ անամոթություն։ Սամվել Կարապետյանի  «կոնտորայում», նկատենք, ասվածով չեն եզրափակվել, և, հավատարիմ մնալով տեղեկատվական ահաբեկչության իրենց ոճին՝ գուժել են․ «Գյուղացին այլևս իր տանը, իր հողում պաշտպանված չէ, իսկ պետական համակարգը գործում է միայն հետևանքներին արձագանքելու կամ տեղի ունեցածը մեղմելու ռեժիմով։ Խստագույնս դատապարտում ենք օրվա իշխանության այս մոտեցումը: Նրանք զրկել են երկիրը անվտանգային հուսալի երաշխիքներից՝ միակողմանի զիջումներով և խաղաղության կեղծ օրակարգով անպաշտպան թողնելով սահմանամերձ բնակավայրերը»։

 

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ որն է նման  հայտարարության ՕԳԳ-ն, եթե ոչ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում վախ ու տագնապ տարածելը՝ հանուն քաղաքական այսրոպեական շահի, հանուն մի քանի ֆեյբուքյան «լայքի» ու հակաիշխանական «քոմենթի», հանուն 300 հազար ադրբեջանցիների մասին թեզի ապացուցման։ Չենք բացառում, որ առաջիկա օրերին ուժեղհայաստանական  «դիվերսանտագետները» էքսկուրսիա կազմակերպեն Սյունիք՝ բնակիչների ակաբեկումը տեղում իրականացնելու նպատակով։

 

Ի դեպ, ամիսներ առաջ նույն այս քարոզչական ահաբեկիչների «բրիգադը» աղմուկ-աղաղակ էր բարձրացրել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին երգ երգող, քեֆ անող ադրբեջանցիների թեմայով, թե՝ ՀՀ պատկան մարմիններն իրենց տեղում չեն, ադրբեջանցիներն արդեն անարգել ելումուտ են անում Հայաստան։ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ հիշյալ անձինք եղել են Իրանի քաղաքացիներ։  

 

Հ․Մ․