Նախապատրաստված սպանության վարույթով 3 անձ կալանավորվել է, այդ թվում՝ քրեական աստիճանակարգություն ունեցող անձը

Ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 5-ին, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող, քրեական հեղինակություն համարվող անձը:


ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից 1-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 2-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով:


Նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, նրանք 2 ամսով կալանավորվել են։ Եվս 1 անձ ձերբակալվել է։