Փաշինյանը ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործակցության ընթացքը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։


Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։

901.jpg (683 KB)

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։


Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։


Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։