Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, հրապարակել է Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտը, համաձայն որի՝ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել խուլիգանության մեղադրանքով, նրա մեղադրանքը վերավորակվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխվելով նույն հոդվածի 1-ին մասի։
ՀՀ Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են տեղեկատվությունը՝ հավելելով, որ կայացվել է արդարացման վերդիկտ խուլիգանության դրվագով, դատավճիռը հրապարակվելուց և Դատախազությունում ստացվելուց հետո Վերաքննիչ բողոք է ներկայացվելու:
Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում: