Երևանի խնդիրները մենք լուծում ենք և կլուծենք աշխատանքով՝ ոչ թե ԱԺ ամբիոնից «ճգնաժամեր հորինելով»․ Ազարյանը՝ Վարդանյանին

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսեց «Երևան քաղաքի ճգնաժամի» մասին։


Իսկ հիմա հարց՝ որտե՞ղ է նա տեսել այդ «ճգնաժամը»։


Եթե խոսքը Երևանի փողոցների, բակերի, ճանապարհաշինության, շինբարեկարգման, մանկապարտեզների, առողջապահական և քաղաքային ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման մասին է, ապա ես պատրաստ եմ անձամբ ուղեկցել նրան Երևանով մեկ և ցույց տալ այդ «ճգնաժամը»։


Եթե սա է Քրիստինե Վարդանյանի պատկերացրած «ճգնաժամը», ապա, անկեղծ ասած, ես միայն ուրախ եմ այդ գնահատականի համար։


Իսկ եթե խոսում ենք քաղաքական ճգնաժամի մասին, գուցե ավելի ճիշտ լինի նախ սեփական տան հարցերով զբաղվել։


Օրինակ՝ կարելի է մտածել նաև սեփական 5-6 հոգանոց խմբակցության մասին, որը, «ծերը ծերին հասցնելով», մի կերպ է խմբակցություն դարձել։


Երևանը խնդիրներ ունի։ Մենք դա երբեք չենք թաքցրել և չենք խուսափում դրանց մասին խոսելուց։ Բայց խնդիր ունենալը և քաղաքը «ճգնաժամի մեջ է» հայտարարելն, իհարկե, նույն բանը չէ։


Եվ հետևապես, Երևանի խնդիրները մենք լուծում ենք և կլուծենք աշխատանքով՝ ոչ թե ԱԺ ամբիոնից «ճգնաժամեր հորինելով»։