Պարզաբանում. կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային. ՆԳՆ

Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել Ներքին գործերի նախարարությունը:


«Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։


Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։


Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։


Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։


Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։


Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։


Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։


Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։


Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։


Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,- նշվում է պարզաբանման մեջ։