ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի դեպքի առնչությամբ դիմել է պատկան մարմիններին

Արմավիրի մարզում չորս գազա-բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է, հայտնում են ՀՀ ՔՏՀԱ-ից:


«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոց 2/6 հասցեում «Պրեստիժ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոց, 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։


Նշված լցակայաններում Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։


Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։


Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: