Անահիտ Մանասյանը մասնակցել է Բելգրադում կանանց քաղաքական և տնտեսական հզորացման բարձր մակարդակի միջազգային համաժողովին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին Բելգրադում մասնակցել է «Բելգրադի կանանց համաժողով RISE 2026․ Դաշինքների ձևավորում՝ հանուն նոր սերունդների» կանանց քաղաքական և տնտեսական հզորացման հարցերով երկրորդ միջազգային բարձր մակարդակի համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:


Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։


Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացման հարցերով Սերբիայի առանց պորտֆելի նախարար Տատյանա Մացուրան և Սերբիայի նախկին առաջին տիկին, Սերբիայի արտաքին գործերի նախարարության դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետ Թամարա Վուչիչը։


Միջոցառման շրջանակում Պաշտպանը մասնակցել է բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանում կանանց քաղաքական և տնտեսական հզորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, առկա մարտահրավերներն ու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքը։


«Բավարար չէ միայն դիտարկել, թե որքան կին է աշխատում հանրային ծառայության համակարգում։ Մենք պետք է գնահատենք նաև, թե քանի՞ կին է իրական ազդեցություն ունենում որոշումների կայացման գործընթացների վրա»,- նշել է Անահիտ Մանասյանը։


Պաշտպանն ընդգծել է, որ կանանց մասնակցության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը պետք է վերածվի կայուն և բովանդակային մասնակցության՝ միաժամանակ հաղթահարելով գենդերային կարծրատիպերը և հավասար հնարավորությունների իրացմանը խոչընդոտող գործոնները։


Քննարկումների ընթացքում Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին պատկանող, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված և զինված ուժերում ծառայող կանանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ հավասարության ապահովմանն ուղղված քաղաքականությունները պետք է հաշվի առնեն տարբեր խմբերի կանանց առջև ծառացած առանձնահատուկ և փոխհատվող խոչընդոտները։


«Կնոջ ձայնը» խորագրով պանելային քննարկմանը Անահիտ Մանասյանի հետ մասնակցել են Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի գենդերային հավասարության հարցերով ղեկավար Միրիամ Գանցֆրիդ Կուդերկը, Կիպրոսի նախագահի՝ գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Իոսիֆինա Քրիստոդուլուն և Ռումինիայի ներկայացուցիչ Ռամոնա Միհայլան։ Քննարկումը վարել է Սերբիայում Ֆրանսիայի դեսպան Ֆլորենս Ֆերարին։


Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։


«Եկեք շարունակենք աշխատել այնպիսի հասարակություն կառուցելու ուղղությամբ, որտեղ կնոջ հնարավորությունները պայմանավորված չեն կարծրատիպերով, ինստիտուցիոնալ խոչընդոտներով կամ ռեսուրսների անհավասար հասանելիությամբ, այլ որոշվում են նրա իրավունքներով, կարողություններով, ընտրությամբ և ձգտումներով: Հավասար մասնակցությունը արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։