Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։
Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
Տեսչական մարմնից հիշեցնում են, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։