ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։


Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ ծրագրերի առաջընթացը, մասնավորապես՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացումը և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնի նախագիծը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ներկայումս բավականին առաջընթաց է գրանցել։ Միաժամանակ քննարկվել է նաև ծրագրի իրականացման ժամկետների հնարավոր երկարաձգման հարցը։


Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ նոր սահմանային անցակետերի ենթակառուցվածքների ներդրման և զարգացման շրջանակը, որոնց իրագործումը կխթանի տարածաշրջանային առևտրային կապերի ընդլայնմանը։