Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման նպատակով։
Հանձնաժողովը կգործի որպես խորհրդակցական մարմին։ Որոշմամբ հաստատվել են նաև հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը։
Հանձնաժողովի նախագահը պետք է ապահովի դրա աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնի վարչապետին։
Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին։
Հանձնաժողովին անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվությունը, ռիսկի գնահատումները և արձագանքման առաջարկությունները պետք է ներկայացվեն Առողջապահության նախարարության և համապատասխան կառույցների կողմից։
Որոշման համաձայն՝ հանձնաժողովի առաջին նիստը պետք է գումարվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում։ Նիստում նախատեսվում է քննարկել Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատումը, կանխարգելման միջոցառումների համաձայնեցումը և առկա պատրաստվածության վիճակը։
Մինչև առաջին նիստը, հրատապ արձագանքման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, հանձնաժողովը պետք է գործի հաստատված գործունեության կարգով։