Ալմաթիի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում:
Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավականորեն պարտադիր փաստաթուղթն է։
«Փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք առաջնորդվելու են Ալմաթիի հռչակագրով»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը, կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։
Նրա խոսքով՝ Ալմաթիի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։