«Նվեր» ընդդիմության 5XL օրակարգի տրանսֆորմացիան XS-ի

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, պարզվում է, իսկապես ուժեղ է, միայն թե՝ ֆանտազիայի՝ երևակայության առումով։ Այն աստիճան ուժեղ է ու վառ  ուժեղաց երևակայությունը, որ որոշել են օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող բանը նախ վերագրել ուրիշին, հետո դրա չեզոքացումը վերագրել իրենց ուժին, խելքին, ճարպկությանը, հանճարին ու․․․ քանքարին։ Արդ, ի՞նչ է ասում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով  նախօրեին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, որի ժամանակ, իբր, «փոքր հաջողություն» են արձանագրել։ (Փոքր, փաստորեն, XS չափի, ոչ թե՝ M, L, առավել ևս՝ XL)։ Ասում է՝ վարչապետին Շաքիի դեպքի հետ կապված իրենց հարցերով կարողացան հասնել նրան, որ կառավարության ղեկավարը, որն իր պատասխաններով սկզբում ամեն կերպ փորձում էր պաշտպանել ու արդարացնել ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին, վերջում ստիպված եղավ ընդունել, որ չի պատրաստվում նրան արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում։ Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, որի վրա, փաստորեն, ուժեղները կարողացել են ներազդել՝ ստիպելով փոխել իր որոշումը, ընդդիմությանն անվանել էր «նվեր»։ Թերևս համաձայնենք նրա որակման հետ, քանի որ, այո՛, «նվեր» է այն ընդդիմությունը, որը կարող է նման անադեկվատ եզրահանգումներով հանդես գալ ու ինքնամխիթարվել, չկայացված որոշումներ վերագրել բարձրաստիճան պաշտոնյայի ու հպարտանալ, որ կարողացել է կանխել այդ որոշումների կայացումը։ Եվ իհարկե «նվեր» է այն ընդդիմությունը, որը խորհրդարանական իր ամեն օրվա աշխատանքի արդյունքով ապացուցում է՝ հրաժարվել է այն մեծ, եթե կուզեք՝ մեգա օրակարգից, որով մտել էր քաղաքական պայքարի մեջ, ու այժմ, փաստորեն, ստիպված է  բավարարվել «փոքրիկ հաջողություններով»։  


Աբրահամյանի խոսքից հետևում է, թե Նիկոլ Փաշինյանը նախքան ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը հաստատապես որոշել էր, որ օրը չլուսացած, ափալ-թափալի մեջ պետք է արտահանձնի քրեական հանցանքներ  գործած ադրբեջանցի զինծառայողին (երևի «իշմար» էր տվել), իսկ իրենք, ահա, իրենց «ուպոռնի», նույն հարցը տարբեր շարադասությամբ ձևակերպելով կարողացան Նիկոլ Փաշինյանին տարհամոզել՝ դրանից բխող հետևանքներով։ Այն է՝ ադրբեջանցին պատիժը կկրի ՀՀ-ում ու չի արտահանձնվի։ Դասականը լիներ, կասեր՝ յա, իրո՞ք, բա որ տենց լավ ազդող-ներազդող եք, բա  ինչո՞ւ մյուս՝ ավելի կարևոր հարցերում էլ չեք կարողանում ազդել կամ ներազդել։  

   

Այն օրից, երբ մտքի հեղինակն ու իր ընկերներից կազմված «փոքրիկ խմբակը»  իրենց ձևով մտել էին պայքարի մեջ, մի գլուխ աղաղակում էին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա օր առաջ, նույնիսկ ժամացույց էին միացրել, թե՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ու իշխանության իրենց գալուն  մնացել է այսքան օր։  Արդ, ինչո՞ւ այդ խմբակը չկարողացավ  նախընտրական շրջանում այնպես ուժեղացնել իր բիոտոկերը, որ կարողանար ներազդել Նիկոլ Փաշինյանի վրա՝ ստիպելով նրան ժամկետից շուտ հրաժարական տալ, հետո էլ չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։  Այժմ էլ, երբ ձևավորվել է ԱԺ-ն, ինչու չեն կարողանում Փաշինյանի հետ հարցուպատասխան ունենալիս լարել իրենց  գերբնական կարողություններն ու հակել Նիկոլ Փաշինյանին թախանձելի հրաժարականին։ Ուժեղների՝ դիմացինի վրա ազդող, այսպես ասած, «բիոտոկերի» թուլացման պատճառը գուցե այն է, որ հրաժարվե՞լ են իրենց մեգա՝ 5XL օրակարգից՝ այն տրանսֆորմացնելով ավելի համեստ, անշառ օրակարգի։ Այն է՝ «խաղաղություն՝ առանց զիջումների»։ Այս մասին անոնսեց նույն Տ. Աբրահամյանը՝ հավելելով՝ առաջիկայում կմանրամասնեն, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը,  և բացի դրանից, պետք է ամեն ինչ անեն Փաշինյանի կողմից կատարվելիք նոր զիջումները կանխելու համար։


Ի դեպ, երբ պարոն Աբրահամյանից ճշտեցինք՝ ե՞րբ են,  ի վերջո, գործողությունների դիմելու՝ դուրս գալով դեկլարատիվ  գործելակերպի ռեժիմից, արձագանքեց․ «Ինչ վերաբերում է ընդհանուր պայքարին, մենք ընդհանուր մոդելը ասել ենք՝ լինելու է ինստիտուցիոնալ պայքար ԱԺ-ում, ինչպես նաև լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»։ Եղա՞վ։ Ասել կուզի՝ առայժմ բավարարվեք այնքանով, որքանով անում ենք՝ բզբզում ենք։ Հենց պատրաստ լինենք այլ բան անելու, Գառնիկ Դավթյանի ասածի պես՝ «իշմար կտանք»։

 

Հեղինե Մանուկյան