Կտրիճի ամեն օր մնալը ավեր է եկեղեցու համար․ հեռացման հարցը չպետք է ձգձգել

Իսպանիայի Մալագա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակված Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցի, ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի և եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։


«Մեր ունկնդիրներն էլ գիտեն, որ 27 տարի այս եկեղեցում ավերներ են գործվել, 27 տարի մի սերունդ պատրաստվեց կտրիճյան  հոգեբանությամբ։ Եվ եթե բարեկարգումն այսօր իսկ տեղ գտնի, այսօր իսկ Կտրիճը և իր շրջապատը հրաժարվեն, 27 տարի մեզ չի հերիքելու, որ այս ամեն ինչը բարելավվի և բարենորոգվի, որովհետև այս խնդիրները, այս ավերները միայն Հայաստանի մեջ չեն գործվել, այս ավերներն իրենց թույները սրսկել են ամբողջ աշխարհի հայ եկեղեցու համակարգի մեջ։ Այսօր ամեն տեղ առաջնորդները, որոնք  զբաղեցնում են այդ զգայուն տեղերը, այդ բոլոր մարդիկ Կտրիճ Ներսիսյանի դաստիարակությունն ու հոգեբանությունն ունեն»,- ասաց տեր Արմենը։


Նրա խոսքով՝  եկեղեցական համակարգը, այսինքն՝ բարձրաստիճան հոգևորականները՝ Կտրիճի գլխավորությամբ, պետք է արմատախիլ լինեն, և զրոյից պիտի սկսվի եկեղեցու բարենորոգումը։


Մայր Աթոռում Կտրիճ Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն իրավաբանների ու իրավապաշտպանների մասնակցությամբ։ Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվել է նաև, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։


Այս առնչությամբ տեր Արմենն ասաց, որ միայն կարող է ծիծաղել այս հայտարարության համար, երբ մի օրինազանց մարդ կամ մարմին խոսում է օրենքից։


«Եկեղեցական Սահմանադրության և Կանոնագրքի վրա թքած մարդիկ այսօր խոսում են Սահմանադրությունից և կանոններից։ Այ մարդ, ամոթ է, էլի, գոնե լուռ մնացեք։ Լռությունը ոսկի է։ Ձեր պարագայում գոնե դա իրագործեք և մի քիչ ոսկի կուտակեք ձեր լռությամբ, որպեսզի ավելի խայտառակ չլինեք։ Տո դու առաջին օրվանից որ ընտրվել ես կաթողիկոս, դա եղել է հակաեկեղեցական, հակականոնական, հակապետական, հակամարդկային։ Այդ քո ոչ բարով օծումը փորձանք բերեց մեր եկեղեցու գլխին։ Այնպես որ՝ ինչ օրենքի մասին է խոսքը»,- հավելեց տեր Արմենը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան