Ռուսական լրատվամիջոցդները, չներկայացնելով որևէ ապացույց և հղում անելով ինչ-որ աղբյուրների, գրում են, թե իբր ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների քողարկման ներքո Ռուսաստանի խանութներ և շուկաներ են հայտնվում ապրանքներ, որոնք չեն անցել որակի հսկողություն։ Ըստ այդ լուրերի՝ նրանք գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից, որոնք առանց թեստերի և հետազոտության ձևակերպում են ապրանքի որակը հաստատող փաստաթղթեր։
«...Նման կառույցների լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների նախարար Վարոս Սիմոնյանը։ Նրան արդեն հրապարակավ
մեղադրել են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք ներդրումը փաստացի սաբոտաժի
ենթարկելու մեջ, որի նպատակն է կեղծարարության դեմ պայքարը»,-
գրում է «Իզվեստիա»-ն: Ռուսական մեկ այլ լրատվամիջոց էլ գրել է, թե «Հայաստանի և
Ղրղզստանի կազմակերպությունների կողմից նման 15 հազար սերտիֆիկատների տրամադրման
վերաբերյալ արդեն հարուցվել են քրեական գործեր»:
Հարկ է նշել, որ հոդվածը
բավարար հիմնավորումներ չի ներկայացնում, իսկ դրանում առկա դատողություններն ու ենթադրությունները
զուրկ են տրամաբանությունից և չեն դիմանում քննադատական գնահատականին: Նույնիսկ
դրա կենտրոնական թեզը, թե՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սերտիֆիկացման հարցերը
գտնվում են ներքին շուկաների և տեղեկատվա-հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարի
իրավասության ներքո, չի համապատասխանում հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև լիազորությունների
փաստացի բաշխմանը:
Միևնույն ժամանակ,
ԵՏՀ-ի որոշումները միանձնյա չեն կայացվում. որոշումների կայացման ընթացակարգը ենթադրում
է համապատասխան հարցերի կոլեգիալ վերանայում: Հրապարակման նպատակն ակնհայտ է՝ ի պատասխան
շահարկումների անհիմն մեղադրանք ներկայացնել ընդդեմ հայաստանցի պաշտոնյաների: