Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը շարունակում է զարմացնել՝ այդտեղ ընդգրկված թեկնածուների անցյալի առումով։ Ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արսեն Միկոյանը, որը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, նախկին դաշնակցական է։ Ավելին, 2018 թվականի համապետական՝ ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի 97-րդ հորիզոնականը։ Թռիչքային առաջխաղացում է, ինչ խոսք՝ ՀՅԴ-ի ցուցակի 97-րդից բարձրանալ 6-րդ հորիզոնական։ Վստահաբար, կուսակցական պատկանելությունն է դեր խաղացել։ Ի դեպ, ստեփանավանցիները նկատում են, թե Միկոյանի կուսակցափոխությունը շատերի համար անսպասելի էր, քանի որ, նրանց խոսքով, «ինչքան Արսենին հիշում ենք՝ եղել է դաշնակ, բայց երևի տեսավ դաշնակ լինելուց օգուտ չկա՝ անցավ տաշիրանց ճամբար՝ մտավ «Մեր ձևով», դառավ «ուժեղ»։ Չնայած ի՞նչ տարբերություն՝ տաշիր Սամո՞, թե՞ դաշնակցություն, երկուսն էլ մեկ են»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքական անցուդարձին քաջատեղյակ ստեփանավանցի ընտրողներից մեկը։ Ինչևէ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ճաշակին, այդ թվում՝ քաղաքական, ընկեր չկա»։ Փողին մուննաթ։
Ուսումնասիրեցինք նախկինում մենատնտես, այժմ էլ, ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տեղեկանքի, ոչ մի տեղ չաշխատող Արսեն Միկոյանի հայտարարագիրը։
Պարզվեց՝ նա հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 200 հազար դրամ
դրամական միջոց, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է «Մեր ձևով» գրասենյակից ստացած
2 մլն 160 հազար 234 դրամն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից ստացած
600 հազար դրամը։
Վատ չէ, ինչ խոսք։ Ուժեղների ցուցակը, ինչպես արդեն հայտնել ենք, գլխավորում է
մեկ այլ Արսեն՝ Արսեն Գևորգյանը։ Ի դեպ, օրերս
համայնքապետի թեկնածուի ֆեյսբուքյան էջում մի հոլովակ է թողարկվել, որտեղ վերջինս
«ջան» մտերմիկ տոնով դիմելով խոշորացվող համայնքի բնակիչներին՝ այսպիսի կուրյոզային
ձևակերպում է անում։ Գուցե թիկունքո՞ւմ, ոչ թե՝
հետևում։ Գևորգյանն այնուհետ բացել է խոստումների պարկն ու աշխատատեղեր խոստացել ստեփանավանցիներին։
Նաև հավելել է, թե իրենց թիմի ու առաջնորդների միջոցով էն կարգի են զարգացնելու համայնքը,
որ այն, իրենց լեզվով ասած՝ դառնա «մատով ցույց տվովի»։ Ի դեպ, նկատենք, որ աշխատատեղեր
խոստացող քաղաքական ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվածների մեծ մասը ոչ մի տեղ չի
աշխատում։
Հարց է ծագում, թե ինչու Ստեփանավանում,
որտեղ իշխանությունը վերցնելու համար որոշել են կռիվ տալ Կարապետյանները՝ «Ուժեղ Հայաստան»
կազմակերպության միջոցով, նախկինում չեն բացել Արսեն Գևորգյանի խոստացած կաթի վերամշակման
գործարանը, կարի արտադրամասն ու ալրաղացը։
Ի դեպ, համայնքը երկար տարիներ ղեկավարել են Ղարաքեշիշյան եղբայրները։ Քոթո մականունով
Ստեփանավանի նախկին համայնքապետ, Հանրապետական կուսակցության անդամ, համայնքը 10 տարի
կառավարած Սարգիս Ղարաքեշիշյանը, ինչպես նաև նրան համայնքապետի պաշտոնում
փոխարինած՝ 8 տարի կառավարած, 2020-ին կորոնավիրուսից մահացած նրա եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, հայտնի են
սկանդալային պատմություններով, կոռուպցիոն գործարքներով, նրանց
վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր, ավելին՝ Սարգիս Ղարաքեշիշյանն ու նրան փոխկապակցված
անձինք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողներ են։ «Ոժեղ
Հայաստան» կուսակցության ղեկավարի եղբայրը՝
Կարեն Կարապետյանը, Ղարաքեշիշյանների կուսակցական ընկերն է եղել և դժվար թե տեղեկացված
չի եղել Ստեփանավանի կառավարիչների արկածներից՝ հակաօրինական գործողություններից։ Մասնավորապես
հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է 2023-ին ուղարկված մեղադրական եզրակացությունը,
ըստ որի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը մեղադրվում
է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Ըստ այդմ՝ նախկին համայնքապետը
մոտ 15 անշարժ
գույք, այդ թվում՝ օտարման ոչ ենթակա տարածքներ ու շենք-շինություններ, սեփականաշնորհել է իր մտերիմների ու ընտանիքի անդամների անուններով։
Հ. Մանուկյան