Radio France International-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նկատել է, որ այս պահին որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա։
«1991 թվականից ի վեր ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։ Այսինքն՝ պատկերացնում եք՝ 1991 թվականից մինչև 2025 թվականը ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Հիմա մենք արդեն երկու տարի զոհեր և վիրավորներ չունենք, արդյո՞ք դա լավատեսության հիմք է։ Երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն տեղի է ունեցել գործնական սահմանազատում։ Եվ մեր երկրի սահմանամերձ գյուղերը ապրում են խաղաղության պայմաններում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով Շաքիում ադրբեջանցի զինվորի հետ կապված միջադեպի մասին՝ վարչապետն ընդգծել է՝ խաղաղության գործընթացի հետ կապ չունի տեղի ունեցածը։
«Այս ընթացքում ընդհանրապես, վերջին 30 տարիների ընթացքում տասնյակ դեպքեր են եղել, երբ երկու կողմերից զինվորներ ուղղակի մոլորվել են մառախուղի կամ այլ պատճառներով և անցել Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից՝ Հայաստան։ Եվ այդպիսի դեպքերը տասնյակ են եղել։ Այս դեպքը խաղաղության հետ որևէ առնչություն չունի և որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել խաղաղությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ Ադրբեջանը Հայաստանին իրազեկել է, որ իրենց մոտից զինվոր է ինքնակամ լքել ծառայության վայրը, և իրենք փնտրում են ու չեն կարողանում գտնել զինվորին, և դրանից ելնելով՝ կա հավանականություն, որ նա կարող է անցած լինել Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս պահին քննությամբ առկա տվյալներով՝ այդ զինվորը անցել է, մտել է մի տուն, մեկ օր գիշերել է այդ տանը, այդ տանը մարդ չի եղել, հետո, երբ տանտերերի երեխաներն են եկել, տեսել են նրան, զանգել են իրենց մայրիկին, տեղեկացրել են, որ տանը օտար մարդ կա։ Այսինքն՝ միջադեպը, կարճ ասած, որևէ կերպ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։ Սովորական կրիմինալ իրավիճակ է»։