Լևոն Արոնյանը՝ սկանդալի կենտրոնում. մայրն արձագանքել է որդու մասին շրջանառվող լուրերին
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի մայրը` Սեդա Արոնովան, անդրադարձել է սոցցանցերում քննարկվող թեմային, ըստ որի, իբր, Արոնյանը որոշել է հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու: Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված: Դրանք փոխանցվել են

Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը: Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից: Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց: Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:

Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին: Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո: Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ: Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան: Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը: Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում: Պատվերը ակնհայտ է:

Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:| Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել: Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի:

Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր: Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:   Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը. • Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնացնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ:
• Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն:
• Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից):

• Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար:

Եվ վերջում, ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ: Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»: