Գազայի պաշտպանությունը Ստամբուլի պաշտպանությունն է. Էրդողան
Գազայում հրադադարի հաստատման օգտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 121 ձայնով ընդունված բանաձևը մնացել է անհետևանք։ Մի կողմից՝ 121 երկիր դեմ է արյունահեղությանը, մյուս կողմից՝ փոքր քանակությամբ երկրներ աջակցում են Իսրայելին։

Այսպիսի համակարգը չի կարող խաղաղություն և հույս բերել մարդկությանը։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեի (COMCEC) անդամ պետությունների նախարարների 39-րդ նիստին։

«Գազան դարձել է լակմուսի թուղթ համաշխարհային համակարգի համար: Իրադարձությունները ցույց տվեցին բազմաթիվ կառույցների իրական դեմքը՝ արևմտյան ժողովրդավարություններից մինչև գլոբալ կորպորացիաներ: ՄԱԿ-ը չկարողացավ համարժեք արձագանքել Գազայի ճգնաժամին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 121 կողմ ձայնով ընդունված բանաձևը մնաց անհետևանք։ Դա չազդեց արյունահեղության դադարեցման վրա։ Դա ցույց է տալիս, թե ինչ ճնշման տակ է  մուսուլմանական աշխարհը՝ 2 միլիարդ բնակչությամբ։

Մի կողմից՝ 121 երկիր դեմ է հանդես գալիս արյունահեղությանը, մյուս կողմից՝ փոքր քանակությամբ երկրներ աջակցում են Իսրայելին:

Այդպիսի համակարգը չի կարող խաղաղություն և հույս բերել մարդկությանը»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ իսլամական աշխարհը պետք է ապահովի Գազայի պաշտպանությունը և թույլ չտա դրա օկուպացիան Իսրայելի կողմից։ Էրդողանը նաև մեղադրել է Նեթանյահուին էքսպանսիոնիստական ձգտումների մեջ, որի նպատակները դուրս են գալիս Գազայի կամ Ռամալլայի շրջանակներից:

«Գազայի և Պաղեստինի պաշտպանությունն այսօր Մեքքայի, Մեդինայի, Ստամբուլի, Երուսաղեմի, ինչպես նաև Դամասկոսի, Բեյրութի, Բաղդադի և այլ իսլամական քաղաքների պաշտպանությունն է։ Եթե մենք գործենք՝ գիտակցելով, որ մենք մեկ մեծ ընտանիք ենք, ոչ ոք չի կարող սպառնալ մեզ»,- եզրափակել է Էրդողանը։