«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ բախվեց հայտնի ասացվածքի անողոք տրամաբանությանը՝ «լեռը երկնեց՝ մուկ ծնեց»։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հիշեցնենք, ուժեղները ինքնավստահ հայտարարում էին, թե Սամվել Կարապետյանը «բեզ պիծի մինուտ» վարչապետ է, իրենց՝ իշխանության գալուն մնացել են հաշված օրեր, սակայն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ինչպես ասում են՝ «թարս կապուտ» եղան։ Ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց տվեց, թե ով որ աթոռին պետք է նստի ու հաշվի օրերը՝ մի դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման, մյուս դեպքում՝ քրեական հետապնդման հետևանքով կալանքի տակ գտնվելու։
Համանման մի իրավիճակ էլ արձանագրվեց նախորդ շաբաթ օրը։ «Ուժեղաց» քարոզչամեքենան, ինչպես
գիտենք, խոստացել էր գյումրեցիներին ՀՀ երկրորդ քաղաքի տոնի առթիվ մի «գրանդիոզ» միջոցառում
կազմակերպել ու այսպիսով մտնել «խասյաթով»
քաղաքի բնակիչների աչքն ու սիրտը, սակայն պարզվեց, որ կազմակերպածը ընդամենը ռաբիս
երաժշտության անորակ ցուցադրություն էր՝ նորահայտ երգչուհի Անետ Աղաբեկյանի կատարմամբ։
«Սիրտս բաց էր քո սիրո առաջ,
տարիներ առաջ,
Մեղավոր ես իմ սրտի առաջ, բայց
անցնենք առաջ։
Դու փոխվել ես իմ աչքի առաջ,
ուրիշ էիր առաջ,
Մնացել ես դու մենակ կանգնած
քո խղճի առաջ․․․»․․․ Հիշեցի՞ք․․․
այս «խոհափիլիսոփայական», «կրթադաստիարակչական» երգն ու դրա
կատարողին՝ առաջ, առաջ, առաջ․․․ Արդյոք նման որակի
երաժշտությունը ոտնձգություն, անարգանք չէ՞ր մշակույթի հարգն ու պատիվն իմացող գյումրեցիների
գեղագիտական ճաշակի նկատմամբ՝ թող պատասխանեն հենց իրենք՝ «հայրաքաղաքի» բնակիչները։
Մենք միայն փոխանցենք գյումրեցիներից մեկի դիպուկ արձագանքը՝ «թող Արամ Վարդևանյանին բեմ հանեին ու «Իմ Լեննական, սիրուն քաղաք»-ը երգել տային։ Ինքը
քաղաքական ու գեղագիտական առումով ավելի տանելի
ու ընդունելի կեղներ»։ Ինչևէ։ Հընթացս մի բան
էլ ասենք ու անցնենք առաջ՝ եթե Անետը մի 14 տարի առաջ պոպուլյար լիներ ռաբիսի երկրպագուների
շրջանում, ապա, թերևս, ներգրավված լիներ ՀՀԿ-ի նախընտրական շտաբում՝ որպես սույն կուսակցության
«առաջ Հայաստան» կարգախոսի տիրաժավորման «երաժշտական դեսպան»։
Հարկ է նկատել, որ այս էլ երկրորդ
տարին է, ինչ «ուժեղները»՝ նախկին «մեր ձևով»-իստները, հանձն էին առել ստանձնել Գյումրիի
տոնը նշելու պատասխանատվությունը։ Հարց կարող է ծագել՝ ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ
է ու միաժամանակ տրիվիալ՝ քանի որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չէ, քանի որ Գյումրին
սիմվոլն է ընտրություններում ընդդիմության տարած հաղթանակի, այսպես ասած՝ «Գյումրի-1»
օպերացիայի բարեհաջող իրականացման՝ թող որ այդ հաղթանակը ձեռք է բերվել քաղաքական առումով
անբարոյական գործարքի, «պապենական թշնամիներ» համարվող դերակատարների՝ Վարդան Ղուկասյանի
և Մարտուն Գրիգորյանի (ինչպես նաև Սերժ Սարգսյանի սատելիտների ղեկավարած երկու քաղուժերի)
միավորման արդյունքում։ Այս սցենարն, ի դեպ, փորձ էր արվում կրկնել նաև 2026-ի համապետական
ընտրությունների համատեքստում՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի «իրար կպնելու»
ու «զախվատ վլաստի» պլանն իրագործելու տեսքով։ Թեև ժողովուրդը, ինչպես արդեն նշեցինք, իր քվեարկությամբ ի չիք դարձրեց «Գյումրի 2»-ի ախորժակ
ունեցողների ակնկալիքները, սակայն քաղաքն այս ընդդիմադիրների մտապատկերում շարունակում
է նույնացվել բաղձալի իշխանափոխության ու նվաճված իշխանության հետ։ Ի դեպ, սույն քաղաքի
ժամանակավոր կառավարիչը Ավետիս Առաքելյանն է՝ քրեական հետապնդման ենթարկվող համայնքապետի՝
Վարդան Ղուկասյանի փեսան։ Առաքելյանը, հիշեցնենք, ընդգրկված էր նաև «Ուժեղ Հայաստան»-ի
ընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականում, սակայն հրաժարվեց վերցնել պատգամավորական մանդատը՝
պատճառաբանելով, թե՝ եթե գա Երևան ու թողնի համայնքապետի պարտականությունները, քաղաքի
կառավարումը կհայտնվի կոլապսում։ Ի դեպ, այս որոշումը կայացվել է ՈՒՀԿ ընտրական ցուցակը
գլխավորած Նարեկ Կարապետյանի ու կուսակցության հետ համատեղ քննարկման արդյունքում։
ՀՀ երկրորդ քաղաքի կառավարումը «ձեռքից բաց չթողնելու» ուժեղների մարտավարությունը
ակնհայտորեն մեկ նպատակ ունի՝ Գյումրիում գալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցապայքարի
մեջ մտնել «Ուժեղ Հայաստան»-ով ու այս անգամ էլ այդ «բրենդի» ներքո վերցնել իշխանությունը՝
գործի դնելով Ղուկասյան ընտանիքի զանազան, այդ թվում՝ կլանային կապերն ու մատնացույց
անելով, եթե չասենք՝ երեստվանք անելով այն բարեգործական ծրագրերը, որոնք իրականացրել
է Կարապետյանների «Տաշիր» հիմնադրամը։ Արձանագրենք՝ հունիսի 7-ի համապետական ընտրությունների
ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ը Գյումրիում ստացել էր 14 հազար 761 քվե, ՔՊ-ն՝ ավելին քան
28 հազար, իսկ «Հայաստան»-ը՝ ավելի քան 4500 քվե։
Ի դեպ, տոնի առթիվ միջոցառման
ժամանակ Նարեկ Կարապետյանը բեմ բարձրացավ ու․․․ բարձրակարգ
պոպուլիստի «մաստեր կլասս» ցույց տվեց։ Նա նախ ազդարարեց, թե իր հորեղբար Սամվել Կարապետյանը
նվեր ունի Գյումրիին՝ քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը կվերանորոգվի իրենց՝ մասնավոր միջոցներով,
ապա վրա բերեց․ «Վերջին օրերին այլ
ճանապարհով է գնում մեր երկիրը՝ փոխանակ Գյումրիում լուծվի 1000 գյումրեցիների տնակների
հարցը, մեր կառավարությունը 30 միլիոն դոլար այս պահին ծախսում է մի միջոցառման վրա՝
СOP 17-ի։ Մենք հաշվել ենք, որ դա 1000 գյումրեցի ընտանիքի կապահովեր բնակարաններով։
Ինչո՞ւ է բարեգործը օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա։ Որովհետև քաղաքը պետք
է իր գումարը տնտեսի, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ սարքի և բաժանի։ Քանի
մեր քաղաքներում կան տնակներում ապրող, անտուն
մարդիկ, մենք մեզ ճոխություններ թույլ տալու իրավունք չունենք․․․»։ Ի՞նչ է սա, եթե ոչ, ինչպես կասեր կարկառուն ՀՀԿ-ականներից
մեկը, «դիշովի պոպուլիզմ», ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող մեգամիջոցառումը, որը ՀՀ է բերել
մոտ 15 հազար մարդու աշխարհի տարբեր ծեգերից, արժեզրկել, նսեմացնել՝ դրան հատկացված
պետական միջոցները փորձելով մատուցել որպես
անիմաստ ծախս, վատնում։
Հարկ է նկատել, որ Նարեկ Կարապետյանն ու նրա թիմը պատահական չէ, որ
թիրախավորել են COP 17-ն ու, դրա վրա ծախսված միջոցներին հղում անելով, փորձում են
հակադրություն ստեղծել՝ կառավարող ուժին, ինչպես
Անետ Աղաբեկյանն է երգում իր երգում՝ կանգնեցնել «խղճի առաջ»։ Թե՝ արդյոք պետությունն
իրավունք ունի՞ 30 միլիոն դոլար ծախսել, ճոխ
միջոցառում կազմակերպել այն դեպքում, երբ Գյումրիում հազարավոր ընտանիքներ, ահա, մինչև
հիմա տնակներում են ապրում։ Արդ, կորչի՛ COP-ը, կորչի՛ ՄԱԿ-ը, բացի, իհարկե, ՌԴ-ից, որն
էլ ակնհայտորեն այս քարոզչական, հիբրիդային
հերթական գրոհի դիրիժորն է։ Քանի որ էդ ո՞վ
եղավ Հայաստանը, որ էսքան փորձանքներից, արհավիրքներից հետո հերիք չի՝ հաղթի հունիսի
7-ի ընտրություններում, հաղթահարի իր ֆորպոստային
կարգավիճակը, դեռ մի բան էլ սուվերեն պետության դիրքում հյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության
մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։
Ի դեպ, «ՀՀԿ», պոպուլիզմ ասացինք,
հիշեցինք հիշյալ կուսակցության առաջնորդ Սերժ
Սարգսյանին։ Հիշո՞ւմ եք՝ նա էլ 2021-ի նախընտրական շրջանում, որպես «Պատիվ ունեմ» դաշինքի փաստացի ղեկավար, անողոք կռիվ էր տալիս
պոպուլիզմի դեմ։ Անգամ մի քարոզչական հոլովակում էր նկարահանվել, որում մուրճ է նետում ու ջարդուփշուր անում պոպուլիզը՝ ազդարարելով. «պոպուլիզմը կործանեց
Հայաստանը, պոպուլիզմին պետք է վերջ տանք»։ Պոպուլիզմ, պոպուլիստներ ասելով նա նկատի
ուներ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժին ու դրա ղեկավարի կառավարումը։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի հայրը
եղել է Սերժ Սարգսյանի թիմակիցն ու կուսակիցը, թիմ, որը ի պաշտոնե պատասխանատվություն
է կրել Գյումրիի վերակառուցման, մարդկանց բնակարաններով ապահովելու ծրագրի իրագործման
համար։ 10 տարի երկիրը կառավարած ՀՀԿ-ին, փաստորեն, չի հաջողվել վերջնականապես լուծել
բնակապահովման խնդիրն ու այն ժառանգել է հաջորդ իշխանությանը։ Գյումրիում, նկատենք,
ցայսօր խոսում են, որ Սերժ Սարգսյանը 2013-ի նախագահական ընտրություններում պարտություն կրելով ՀՀ երկրորդ
քաղաքում՝ որոշել էր, այսպես ասած, «վրեժ լուծել» գյումրեցիներից։ Այդ վրեժն արտահայտվում
էր համայնքը պետական ծրագրերից դուրս թողնելով, բավարար միջոցներ չհատկացնելով տեղի՝
տարիներով կուտակված սոցիալական ու ենթակառուցվածքային
խնդիրները լուծելու համար։ Որպես ապացույց մատնացույց են արվում մինչև այժմ քանդված
փողոցները, որոնցից մեկի բարեկարգումը, փաստորեն, ինչպես պարզվեց նախօրեին, որոշել
է ստանձնել Սամվել Կարապետյանը՝ հետընտրակա՞ն, թե՞ նախընտրական «նվերի» տրամաբանությամբ։
Չմոռանանք շեշտել՝ կուլիսներում խոսում են, թե հնարավոր է՝ Գյումրիում արտահերթ ընտրական
գործընթաց տեղի ունենա։ (Այնպես որ, ուժեղները «մի ոտ շուտ» պատրաստվում են դրան)։
Հարց է ծագում՝ Սերժ Սարգսյանը
եթե հետևում է իր երբեմնի աշխատակազմի ղեկավարի որդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին
ու ՀՀԿ-ի «հոգեզավակի»՝ «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական դիրքավորմանը, ապա ի՞նչ գնահատական
է տալիս։ Արդյոք եզրահանգո՞ւմ է, որ իր ասած ու իմացած պոպուլիզմը՝ ի դեմս ուժեղների, քանդում է երկիրը,
ու դրան պետք է վերջ տալ՝ պոպուլիստների ուղղությամբ
նետելով «իր փայ» մուրճը կամ քարը։
Մենք չենք կարող իմանալ, թե ինչ
մտքեր են գեներացվում Սերժ Սարգսյանի հանճարեղ գլխում, ուստի Նարեկ Կարապետյանին ու
մյուս «ուժեղ»-ներին համենայնդեպս խորհուրդ ենք տալիս մարդաշատ վայրում ելույթ ունենալիս
ապահովության համար «կասկա» կրել՝ իր ուղղությամբ
նետվելիք ծանր առարկաների պատճառելիք մարմնական վնասվածքներից, որ ամենադաժանն է՝ ջարդուփշուր
լինելուց խուսափելու համար։
Հ. Մանուկյան