Հասկանալով, որ «ճիշտ» ընդդիմադիր
քաղաքական ուժերի հետ «գաղտնի պլան» քննարկելու Սամվել Կարապետյանի բլեֆը ծաղրի է արժանանում
հանրության կողմից ու հարուցում անգամ եփած, փուռը տված հավի ծիծաղը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
որոշել է նոր օրակարգով՝ «պլանով» զբաղեցնել իր ընտրողներին։ Թե՝ «խաղաղություն՝ առանց զիջումների»։ «Ուժեղ Հայաստան»
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դեռ երկու շաբաթ առաջ էր խոստացել՝ առաջիկայում
կներկայացնեն իրենց «ուժեղ խաղաղության» տեսլականը, բայց ոնց որ թե ոտքները կախ են
գցում, չեն լուսավորում հանրությանն իրենց փառահեղ տեսլականով։ Փոխարենը օրակարգային են դարձրել դեղերի՝ մոտ 20
տոկոս էժանացման թեման ու շրջանառության մեջ են դրել օրենքի համապատասխան նախագիծը։
Ուժեղները, թերևս, խորամանկ մարտավարություն են որդեգրել՝ նախ դեղերի էժանացման հարցը
լուծել, հետո նոր խաղաղության տեսլականը հրապարակել, որպեսզի մարդիկ ցնցակաթվածի, շոկի
ենթարկվելիս, ուշագնաց լինելիս գոնե էժան դեղեր գնել-բուժվելու հնարավորություն ունենան։
Հումորը՝ հումոր, բայց եկեք հասկանանք,
թե ի՞նչ ասել է «խաղաղություն առանց զիջումների»-ն, ու ինչպես են ուժեղները պատկերացնում
իրենց ազդարարած այդ բարձրագոչ տեսլականը։
«Ուժեղ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում մի հոլովակ է հրապարակվել, որտեղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղությանը վերաբերող տարբեր ելույթներից պատառիկներ են ներառված,
որոնցից մեկում (նախընտրական շրջանում արված) Փաշինյանը հայտարարում է՝ խաղաղությունը համարում եմ հաստատված, մյուսում
էլ (վերջերս արված) ազդարարում է՝ իմ առաջիկա կարևոր անելիքը համարում եմ մինչև
2031 թվականը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։
Ցնցող է այս հայտարարություններից բխեցվող
եզրահանգումը. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից
առաջ բղավում էր՝ խաղաղությունը հաստատված է, հիմա հերքում է ինքն իրեն։ Պարզվում է՝
խաղաղության հաստատման գործընթացը տեղափոխվում
է մինչև 2031 թվականը։ Չի կարող լինել TRIPP՝ առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման։
Ալիևը կշարունակի զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը կտա դրանք։ Իսկ մենք խաղաղություն
կբերենք առանց զիջումների»։ Այս քարոզչական անորակ հոլովակը պատրաստողները (երևի «պատվերը»
կատարել են 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու մասին հոլովակը պատրաստողները
) ակնհայտորեն խնդիր ունեն։ Խնղիր՝ լսելու, լսածը ընկալելու, ըմբռնելու ու դրա հիման
վրա ադեկվատ եզրահանգում անելու։ Հոլովակը պատրաստողները,
ինչպես երևում է, խառնել են «խաղաղության հաստատում» և «խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում» հասկացությունները
և փորձում են հակասություն ստեղծել այս երկուսի
միջև։ Որևէ բանի մասին որևէ փաստաթուղթ ստորագրելու, վավերացնելու համար նախ պետք է
լինի այդ որևէ բանը՝ փաստաթղթի հիման հանդիսացած օբյեկտը և նպատակը։ Լուսավորենք ուժեղներին՝
դիցուք «Լուսնի համաձայնագիրը» գոյություն ունենալ չէր կարող, այս փաստաթղթին էլ այլ
պետություններ չէին կարող միանալ ու վավերացնել համապատասխան համաձայնագիրը, եթե գոյություն
չունենային բուն Լուսինն ու երկնային այլ մարմինները, որոնք էլ բացառապես խաղաղ նպատակով օգտագործելուն է վերաբերում
վերոհիշյալ համաձայնագիրը։ (Համաձայնագիրը ստորագրվել է 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում, ՀՀ-ն փաստաթուղթը վավերացրել է Սերժ Սարգսյանի նախագահության
օրոք՝ 2017-ին)։ Ասել կուզի՝ 2025-ի օգոստոսի 8-ին նախաստորագրվել է ՀՀ և Ադրբեջանի
միջև հաստատված խաղաղության համաձայնագիրը, փաստ, որը վկայում է՝ կողմերը ձեռք են բերել
համաձայնություն, պայմանավորվել են, ձեռք ձեռքի են տվել, որ այսուհետ չեն պատերազմելու,
գոյակցելու են խաղաղ, բարիդրացիության սկզբունքի հիման վրա։ Միջազգային փաստաթղթերի
կյանքի կոչման ընթացակարգերը ենթադրում են որոշակի փուլեր, տվյալ դեպքում՝ նախաստորագրում,
ստորագրում և վավերացում։ Եթե այս էլեմենտար, բազային հասկացությունները հասու չեն
«ուժեղներին», ապա կոնստրուկտիվ առաջարկ ունենք՝ թող մասնակցեն իրավական լիկբեզի դասընթացների,
որոնց կազմակերպումը կարող է հոգալ, ասենք, Արամ Վարդևանյանը։ Իսկ եթե նրանց նպատակը
էժան մանիպուլյացիայի, քարոզչական պարզունակ հակադրությունների միջոցով խաղաղության
գործընթացը կասկածի տակ դնել-ստվերելն է, ապա հաստատ ձախողելու են իրենց հետապնդած
այդ նպատակում։ Խաղաղությունն այլևս իրողություն է, փաստ՝ անկախ այն բանից, թե դրա
ապացույց համաձայնագիրը երբ կստորագրվի կամ
կվավերացվի՝ մինչև 2031 թվակա՞նը, թե՞ դրանից առաջ։ Ի դեպ, մինչև «2031 թվական» ժամկետը չի նշանակում, որ փաստաթուղթը պարտադիր
ստորագրվել-վավերացվելու է հենց հիշատակված տարում։ «Մինչև»-ը նշանակում է այս պահից
սկսած մինչև սահմանված ժամկետը՝ դիցուք 2026-ի նոյեմբեր-դեկտեմբերին, 2027-ին, 2028-ին,
2029-ին, 2030-ին, 2031-ին։ Հուսանք՝ պարզ բացատրեցինք, Արամ Վարդևանյանին անելիք քիչ
թողեցինք։
Հիմա եկեք տեսնենք, թե ինչ հակասություն
կա «ուժեղների» նախընտրական հայտարարությունների, նախընտրական ծրագրի ու ներկայիս նրանց
տեսլականի միջև, տեսլական, որի մանրամասները մինչև այժմ հրապարակված չեն՝ ինչ են պատկերացնում
«զիջումներ» ասելով, որոնցից էլ զերծ է լինելու իրենց բերած խաղաղությունը։
Եվ ուրեմն, նախընտրական շրջանում
Սամվել Կարապետյանն ու իր փոքրիկ խմբակը մի գլուխ ազդարարում էին, թե բերելու են «երաշխավորված
և ուժեղ խաղաղություն»՝ առաջ մղելով մեկից ավելի երաշխավորների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան)
ինստիտուտի գաղափարը։ «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ծրագրում էլ, ահա, մասնավորապես
կարդում ենք. «Երաշխավորված և հարատև
խաղաղությունը հնարավոր է միայն բարձր իրավաբանական ուժ ունեցող և փոխլրացնող պայմանագրերի
առկայության դեպքում։ Հայաստանի Հանրապետությունը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների
զարգացման ճանապարհին կառաջնորդվի իրավական որոշակիության սկզբունքի անշեղ պահպանմամբ,
ինչի պարագայում հստակ կլինի միջազգային բոլոր սուբյեկտների հետ պարտավորությունների
և իրավունքների ամբողջական շրջանակը։ Ադրբեջանի հետ երաշխավորված խաղաղության հաստատումը
հրամայական է, ինչը պետք է ապահովվի մեկից ավելի երաշխավորների ներգրավմամբ։ Երաշխավորները,
իրենց հերթին, պետք է ունենան հստակ սահմանված պայմանագրային պարտավորություններ և
իրավունքներ։ Վերջնական իրավաբանական ուժ ունեցող պայմանագիրը պետք է հիմնված լինի
առնվազն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու,
փոխադարձության, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքների
վրա»։ Դուք որևէ տեղ տեսա՞ք զիջումների
կամ դրանց բացառման մասին հիշատակում։ Բնականաբար՝ ոչ, քանի որ այդ փուլում ուժեղները
գերնպատակ էին հայտարարել իշխանության գալն ու ՔՊ-ի բերած «աներաշխավոր» խաղաղությունը
երաշխավորների ներգրավմամբ կյանքի կոչելը։ Հարևանների, մասնավորապես Ադրբեջանի հետ
հարաբերությունների մասին հատվածում էլ, ընդգծենք, նշվում է՝ «գերակա նպատակ է
հակամարտության արդար կարգավորման արդյունքում ուժեղ ու հարատև խաղաղության հաստատումը՝
հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու,
փոխադարձության, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքների
վրա։ Հրվ. Կովկասում կայունությունը պահանջում
է ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև կանխատեսելի և ինստիտուցիոնալիզացված
հարաբերությունների ձևավորում»։
Նորից կրկնենք մեր հարցադրումը՝ որևէ տեղ տեսա՞ք խաղաղություն
բառի հոլովում «զիջում» բառի համատեքստում։
Բնականաբար, վերստին՝ ոչ։ Ակնհայտ է, որ նախընտրական ծրագրում, այսպես ասած, «անզիջում
խաղաղության» հանգամանքը նույնիսկ չի էլ ձևակերպվել որպես քաղաքական առաջնահերթություն
և կամ նպատակ, և շեշտը դրվել է խաղաղության գործընթացն, այսպես ասած, պայմանագրայնացնելու, դրան իրավաբանական
բարձր ուժ հաղորդելու հանգամանքին։
Նկատենք՝ ծրագիրը գրողները գրելու պահին եղել են ակնհայտորեն ադեկվատ և զոռ չեն տվել ռազմահայրենասիրական պոպուլիզմին, ինչպես որ այժմ խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում գտնվելիս են զոռ տալիս։ Մի դիտարկում էլ՝ ծրագիրը գրելու պահին ուժեղները ելակետ են ընդունել խաղաղության գործընթացի՝ այդ պահին եղած բազային իրավիճակը։ Իրավիճակ, որը ստեղծվել էր այդ պահին իշխանության ղեկին գտնվող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» երկարատև ու դժվարին բանակցային ջանքերի շնորհիվ։ Եվ ուրեմն, իշխանության գալու պարագայում «Ուժեղ Հայաստան»-ը աշխատելու էր այն փաստաթղթի վրա, որը որպես ժառանգություն թողնելու էր կառավարող ուժը. խաղաղություն՝ առանց զիջումների, հիմնված ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա։
Հ.Գ. Մի դիտարկում էլ «մինչև 2031 թվականը խաղաղության ստորագրում և վավերացում»
կապակցությունից ցնորամիտ մտահանգումներ արած ուժեղների համար՝ տվյալ պայմանագրի ստորագրման և վավերացման միջև ընկած միջանկյալ շրջանում
կողմերը, համաձայն Միջազգային պայմանագրերի
իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, կրում են «բարեխղճության
պարտավորություն»։ Սա նշանակում է, որ նրանք պետք է ձեռնպահ մնան այնպիսի
գործողություններից, որոնք կզրկեին պայմանագիրը իր օբյեկտից և նպատակներից՝ մինչև
դրա պաշտոնական ուժի մեջ մտնելը։
Հեղինե Մանուկյան