«Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը կկայացնի ճիշտ որոշում՝ մնալ ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ դուրս գալ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի հետ իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ: Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։


«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, աշխարհում վիճակը փոխվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը, նրանք իրենք, հավանաբար, կկայացնեն ճիշտ որոշում՝ մնա՞լ մեր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ»,- ասել է Մասադիկովը։


Գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը մինչ այժմ ՀԱՊԿ անդամ է, չնայած անդամավճար չի վճարում։


«Դե ֆակտո Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ չի վճարել անդամավճար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բյուջե»,- նշել է Մասադիկովը։

 

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը շատ նշանակալի դրական ներդրում է ունեցել Կազմակերպության ներսում հարաբերությունների և դրա գործունեության ուղղությունների զարգացման գործում։


Ինչպես նշել է Մասադիկովը, ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մասնակցության, բացառման և այլ հարցեր կորոշվեն Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում։


«Կարծում եմ՝ հարցը, հավանաբար, կլուծվի։ Կորոշվի՞ այն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե՞ ոչ, հարցը վերաբերում է մեր պետությունների ղեկավարներին», - նկատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։