Իջևանի համայնքապետարանի լրատվության պատասխանատու Արամ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հրապարակել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերաբերող զեկույց, որտեղ կա պնդում, որ Facebook սոցիալական ցանցում Իջևան համայնքի մի շարք բնակավայրերի անունով էջերում, որոնց կառավարումն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից, կատարվել է քարոզչություն։
Իջևանի համայնքապետարանի անունից Facebook սոցիալական ցանցում գործում է մեկ պաշտոնական էջ։
Իջևան կամ Իջևան խոշորացված համայնքն ընդգրկող բնակավայրերի անուններով գործող տարատեսակ էջերը որևէ առնչություն չունեն համայնքապետարանի հետ։
Վերոհիշյալ պնդումն ակնհայտ սուտ է, սիրողական գործունեության արդյունք կամ մեր գործունեությունը միտումնավոր սևացնելու անհաջող փորձ` կատարված իրեն «անկախ» հռչակած կազմակերպության կողմից։
Զեկույցում տեղ է գտել նաև հավաքներին ՀՈԱԿ֊ների աշխատակիցների մասնակցության մասին արձանագրում։ Իջևանի համայնքապետարանում և համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնք ունեն տարբեր քաղաքական նախասիրություններ։ Մենք հարգում ենք բոլորի քաղաքական բազմակարծություն ունենալու իրավունքը` բացառելով որևէ ապօրինի գործունեություն։