Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։


Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։


Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունը՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։

DSC_8010.jpg (1.58 MB)

«Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր հիմք են երկու երկրների իրավապահ մարմինների միջև վստահության ամրապնդման և գործնական համագործակցության շարունակական զարգացման համար»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։


Կարևորվել է միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմների կիրառումը։


Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու փոխգործակցությունը՝ հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։